Էստոնիայում մեծ հանդիսավորությամբ նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը

Համալսարանական, հնամենի Տարտու քաղաքում հայկական ազգային միությունը, որի 30 տարին շուտով կլրանա, մայիսի 28-ին նշել է Հայաստանի առաջին Հանրապետության և հայկական պետականության վերականգնման 100-ամյակը: Ի դեպ, Տարտուի համալսարանում ուսանել է ականավոր գրող Խաչատուր Աբովյանը, ինչպես նաև Ստեփան Նազարյանը և հայկական մշակույթի այլ նշանավոր գործիչներ:

Այս տարի այդ տոնը համընկել է Էստոնիայի Հանրապետության 100-րդ տարելիցի հետ, որը միջոցառմանը հաղորդել էր յուրահատուկ կոլորիտ: Տոնակատարությանը մասնակցել են  հայ համայնքի անդամներ, էստոնացիներ և Էստոնիայում բնակվող այլազգի ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Տուրտուի հայ համայնքի հիմնադիր, նախկինում Էստոնիայում ազգային փոքրամասնությունների պալատի ներկայացուցիչ, փիլիսոփայության գիտությունների դոկտոր Ռաֆիկ Գրիգորյանը, Հարավային Էստոնիայի Հայկական ազգային միության ներկայացուցիչ Մարգարիտա Քեշիշյանը և այլք: Բանախոսները նշեցին այդ պատմական իրադարձության կարևորությունն ու նշանակալիությունը՝ աշխարհում ապրող բոլոր հայերի համար:

Միջոցառման հաճելի անակնկալ և հատկանշական խորհրդանիշ դարձավ Էստոնիայի նկարիչների միջազգային միության նախագահ Արսեն Քլյանի կտավը, որի վրա պատկերված էր Հայաստանի թավշյա հեղափոխության առաջնորդ, ազատության մարտիկ, ներկայիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմակարը: Ըստ նկարչի՝ կտավը խորհրդանշում է հայ ազգի ազատագրումը, նրա ազատության և անկախության ձգտումը, այն ցույց է տալիս, թե ինչի է պատրաստ ժողովրդի ազատագրված ոգին, ինչպիսի կարևոր նշանակություն ունի յուրաքանչյուր հայի և Հայաստանի քաղաքացու ազատ կամարտահայտումը, անկախ նրա բնակության վայրից:

Հայ համայնքի անդամները միաբան էին աջակցություն ցուցաբերելու Նիկոլ Պաշինյանի մղմանը՝ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու հարցում, ազատագրել երկիրը կոռումպացված պաշտոնյաների և կաշառակերների գերիշխանությունից, անցկացնել նոր ընտրություններ և ձևավորել մի այնպիսի կառավարություն, որը ընդունակ կլինի ներկայացնել հայ ժողովրդի շահերն ու կամքը:

Scroll Up