Ուկրաինացի գիտնականները Կիևի հայ համայնքի պատմության նոր էջեր են բացահայտել

Մայիսի 22-ին Ուկրաինայի հայերի միության պատմության և մշակույթի ժառանգության կոմիտեի և Կիևի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի նախաձեռնությամբ կայացել է կլոր սեղան «Կիևի հայերը. հնագույն համայնքի պատմությունը» խորագրով:

Ըստ AnalitikaUA.net-ի, միջոցառմանը մասնակցել են նշանավոր գիտնականներ, հոգևորականներ, մշակույթի, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, հայ համայնքի և այլ բնագավառների ներկայացուցիչներ:

Մինչ կլոր սեղանի սկսվելը, մասնակիցների հետ շրջայց է տեղի ունեցել Սուրբ Սոֆիայի տաճարի հայկական համայնքի հետ կապված վայրերում:

Կլոր սեղանի հիմնական թեմաներն էին՝ հին համայնքի ձևավորումը, հայկական եկեղեցու պատմությունը, Պոդոլում միջնադարյան հայկական թաղամասը, ինչպես նաեւ մշակութային ժառանգությունը:

AnalitikaUA.net-ին տված հարցազույցում Ուկրաինայի հայերի միության պատմության և մշակույթի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը հայտնել է, որ հույս ունի նման նախաձեռնությունների միջոցով խթանել Կիևի հայերի պատմության վերաբերյալ նոր հետազոտությունների ձեռնարկմանը։

Միջոցառման ընթացքում ծավալված մտքերի փոխանակության ժամանակ ելույթ ունեցողները խիստ կարևորել են նմանատիպ միջոցառումների անցկացումը, որը ուկրաինական հասարակայությանը տալիս է Կիևի հայ համայնքի իրական պատմության պատկերը և գնահատականը, միաժամանակ հույս հայտնելով, որ Ուկրաինայում հայ համայնքին նվիրված ավելի խոր հետազոտություններ կանցկացվեն:

Scroll Up