Ամերիկաբնակ բարերար Անդրանիկ Բաղդասարյանի ֆինանսավորմամբ տեղի է ունեցել «Թալիշի վերածնունդ» նախագծի մեկնարկը

Այսօր՝ մայիսի 20-ին, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքում տեղի է ունեցել ‹‹Թալիշի վերածնունդ›› նախագծի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որն ազդարարվել է համայնքային կենտրոնի բացմամբ:
Այն կառուցվել է ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի միջոցով, ամերիկաբնակ բարերար Անդրանիկ Բաղդասարյանի ֆինանսավորմամբ: Բազմաֆունկցիոնալ համայնքային կենտրոնը, որը կառուցվել էր քառօրյա պատերազմից հետո, երբ հակառակորդի հրետակոծության հետևանքով ավերվել էր ամբողջ գյուղը և բռնագաղթվել բնակչությունը, իր մեջ ամբողջացնում է ոչ միայն վարչական մասը, այլև բուժկետը՝ օժանդակ սենյակներով: Կենտրոնում նախատեսված են նաև սենյակներ՝ երիտասարդության ակտիվ ժամանցի համար:
‹‹Արցախպրես››-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիսավոր բացմանը ներկա էին Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը, ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի պատվիրակությունը՝ գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք, թալիշցիներ, հյուրեր:
Նրանք նախ ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տեղի է ունեցել համայնքային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Իր խոսքում, կարևորելով նախաձեռնությունը, Նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ սա մեր հերթական հավաքական ուժի դրսևորումն է: Վերահաստատելով Թալիշի վերականգնման ծրագիրը՝ Նախագահն ընդգծել է, որ այն իր մեջ պարունակում է հնարավորություն՝ հաջորդ մեր հաղթանակներն արձանագրելու համար:
‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն իր երախտիքի խոսքն է հղել ‹‹Թալիշի վերածնունդ›› նախաձեռնության գլխավոր հովանավոր, ամերիկաբնակ բարերար Անդրանիկ Բաղդասարյանին՝ կարևորելով նրա պատրաստակամությունն այս գործում:
‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի պատվո անդամ, բարերար Անդրանիկ Բաղդասարյանը նշել է, որ ուրախ է՝ տեսնելով կատարված աշխատանքը և խոստանում է անել հնարավորինն Արցախի շենացման գործում:
Ամփոփելով Թալիշում առաջին փուլով կատարված շինարարակական աշխատանքները՝ ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, կառուցվել և վերանորոգվել է շուրջ 19 բնակելի տուն և ընթացքի մեջ է ևս 17-ը: Կառուցվել և արդիականացվել են համայնքի ջրամատակարարման նոր ցանցն ու կոյուղագիծը, ժամանակակից ճարտարապետական մոտեցումներով և լուծումներով վերակառուցվել է հանդիսությունների սրահը: Ընթացքի մեջ են դպրոցի, մանկապարտեզի մասնաշենքերի կառուցապատման աշխատանքները:
Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանն էլ բնակիչների անունից շնորհակալություն է հայտնել հիմնադրամին՝ նշելով, որ համահայկական հեռուստամարաթոնի ընթացքում նվիրաբերած միջոցների հաշվին Թալիշը վերածվել էր հանրապետության թիվ մեկ շինհարթակի:
Նա ներկայացրել է նաև գյուղի ավագանու որոշումը, ըստ որի, բարերար Անդրանիկ Բաղդասարյանին և Սոսի Բաբելյանին հանձնվել են ‹‹Թալիշ համայնքի պատվավոր քաղաքացու›› կոչումներ:
Հանդիսավոր բացմանն օրհնության կարգ է կատարել Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Ծրագրի հանդիսավոր մեկնարկին պարային կատարումներով հանդես են եկել Թալիշի միջնակարգ դպրոցի աշակերտները:
Այնուհետև Հանրապետության Նախագահը ‹‹Հայաստան›› համահայկական հիմնադրամի ատենապետերի և ներկայացուցիչների, ինչպես նաև թալիշցիների ուղեկցությամբ ծանոթացել է համայնքային կենտրոնի և նորաբաց հանդիսությունների սրահի շենքային պայմաններին: