Ուկրաինայի մայրաքաղաքում կանցկացվի կլոր սեղան «Կիևի հայերը. հնագույն համայնքի պատմությունը» խորագրով

Կիևի ավելի քան 10-դարյա հայկական համայնքի պատմությունը մայիսի 22-ին կլինի գիտական կլոր-սեղանի քննարկման թեմա:

Ըստ AnalitikaUA.net-ի, միջոցառման կազմակերպիչներն են Ուկրաինայի հայերի միության պատմության և մշակույթի ժառանգության կոմիտեն ևԿիևի «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցը:

Ուկրաինայի հայերի միության պատմության և մշակույթի կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանը կայքի հետ հարցազրույցում ասել է, որ Կիևի հայերի պատմությանը նվիրված կլոր սեղանի հիմնական թեմաները վերաբերելու են համայնքի ձևավորմանը, տեղական հայկական եկեղեցու պատմությանը, Պոդոլում միջնադարյան հայկական թաղամասին, ինչպես նաև մշակութային ժառանգությանը:

«Հույս ունեմ, որ մեր գործողություններն անհրաժեշտ խթան կհանդիսանան Կիևի հայերի պատմության վերաբերյալ նոր հետազոտությունների համար, ինչը չափազանց կարևոր եմ համարում» – նշել է Դավթյանը:

Ինչպես հայտնի է, Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրահռչակման ուղղությամբ: Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով՝ գիտությունը ավանդաբար իրենց կազմակերպության ուշադրության կենտրոնում է:

Scroll Up