Ասվտրիահայ բժիշկը Ստեփանակերտում իրականացնում է անվճար վիրահատություններ

Ստեփանակետի Հանրապետական բժշկական հիվանդանոցում ասվտրիահայ անոթաբան Արա Ուղուրլյանն մայիսի 16-18-ն իրականացնում է անվճար անոթային վիրահատություններ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արա Ուղուրլյանն ասել է, որ արդեն 3 տարի է, ինչ ինքն այցելում է Ստեփանակերտ և տեղի մասնագետների հետ իրականացնում անոթային վիրահատություններ:
Նա նշել է, որ իր նպատակն է արցախցի գործընկերների հետ առանց վիրահատական միջամտությունների իրականացնել խցանված անոթների բուժում: Այցի ընթացքում նախատեսված է 16 վիրահատություն:
Մեր զրուցակիցն ասել է, որ արցախցի մասնագետներն արդեն ինքնուրույն կարողանում են իրականացնել նման վիրահատություններ: «Մեր հետազոտություններից պարզ է դարձել, որ տղամարդկանց ավելի քան 70 %-ի մոտ առաջացած անոթների խցանումները հիմնականում ծխելու արդյունք են: Ծխախոտի մեջ եղած նիկոտինը քայքայում և բարակեցնում է անոթների պատերը, որի պատճառով էլ սկսում է աթերոսկլերոզ և անոթների խցանում: Անոթային հիվանդությունները հիմնականում ի հայտ են գալիս 40 տարեկանից հետո»,-ասել է Ա. Ուղուրլյանը:
Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունքի վարիչ Գևորգ Ամիրջանյանն էլ ասել է, որ իրենց բաժանմունքում են իրականացվում ստորին վերջույթների զարկերակների ինվազիվ միջամտությունները:
Ըստ նրա՝ Ա. Ուղուրլյանի նախկին 2 այցն իրենց համար ավելի շատ ուսուցողական նպատակ էր հետապնդում, իսկ այս անգամ արդեն ավստրիահայ բժշկի հսկողությամբ իրենք են իրականացնում անոթային վիրահատություններ:
«Կարող ենք ասել, որ Արցախում արդեն լուծված է ստորին վերջույթների զարկերակների ինվազիվ միջամտությունների կատարումը, սակայն կարող են լինել բացառիկ դեպքեր, երբ կարիք կլինի փորձառու մասնագետների օգնությունը»,-նշել է Գ. Ամիրջանյանը:
Հիվանդանոցում ունեցած անգիոգրաֆ սարքի միջոցով իրականացվում են ոչ միայն սրտի կորոնար զարկերակների միջամտություններ, այլև տարբեր տեսակի պերիֆերիայի (ծայրամասային) և այլ վիրահատություններ:
Անգիոգրաֆիայի բաժանմունքի վարիչի խոսքով՝ խնդիրն այստեղ ոչ այնքան սարքերն ու գործիքներն են, որքան հիվանդների ճիշտ ախտորոշումը՝ պարզելու համար թե որ հիվանդին է անհրաժեշտ ինտերվենցիոն կամ բաց վիրահատությունների միջամտություն, և որին դեղորայքային բուժում: