Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում բացվել է արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոն

Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանում այսօր տեղի է ունեցել ամերիկահայ Լուտովիկա և Հակոբ Այնթափլյանների անվան արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոնի բացման արարողություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մինչ կենտրոնի բացումն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր Վարդան Հակոբյանը, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանից ժամանած հյուրերը և համալսարանի դասախոսները ծաղիկներ են խոնարհել Գրիգոր Նարեկացու հարթաքանդակին:
Կենտրոնի բացման պատիվը տրվել է Վարդան Հակոբյանին և արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Գրիգոր Նարեկացի համալսարանի դասախոս Ամալյա Գրիգորյանին:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նախարար Նարինե Աղաբալյանը:
Նա ասել է, որ գիտահետազոտական բաղադրիչները շատ կարևոր մաս են կազմում կրթության մեջ, և այս կենտրոնի բացմամբ Գրիգոր Նարեկացի համալսարանի ղեկավարությունը կարևորում է արևմտահայերենի ուսուցումը՝ ձեռնարկելով միջոցառումներ՝ ուսանողությանը գործընթացին ներգրավելու համար:
Ն. Աղաբալյանի խոսքով՝ բարձրագույն կրթության և դրա որակի զարգացման խնդիրները շարունակելու են լինել ԿԳՍ նախարարության ուշադրության կենտրոնում. նախարարությունը հետևողական ջանքեր և աշխատանք է ակնկալում այս կենտրոնի գործունեությունից: Նա կենտրոնին է նվիրել Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Ճանապարհորդություն ի Մեծն Հայաստան» գիրքը:
Վարդան Հակոբյանն էլ նշել է, որ համալսարանում արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոն բացելը միշտ էլ եղել է իրենց ծրագրերում: Նրա խոսքով՝ անցած տարի իր հրավերով անվանի գիտնական, բանաստեղծ Հակոբ Այնթափլյանն իր կնոջ՝ Լուտովիկայի հետ ժամանել է Արցախ, եղել նաև իրենց համալսարանում. այդտեղ էլ քննարկվել է Գրիգոր Նարեկացի համալսարանում արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոն ունենալու հարցը:
Կենտրոնը հագեցված է անհրաժեշտ գրականությամբ, տեխնիկական միջոցներով, ստեղծված են պայմաններ աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:
Արևմտահայերենի, հայագիտության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ամալյա Գրիգորյանն էլ տեղեկացրել է, որ նորաբաց կենտրոնում գրաբար, արևմտահայերեն, արևմտահայ գրականություն, հայկական հարցի պատմություն և սփյուռքահայ գրականություն առարկաներից անց են կացվում եռամսյա դասընթացներ:
«Ուսուցումը տարվում է ժամանակակից պահանջներին համապատասխան: Դասընթացներին մասնակցում են ինչպես Գրիգոր Նարեկացի, այնպես էլ Արցախի պետական համալսարանների և այլ բուհերի ուսանողներ: Դասընթացները վարում են Արցախի, Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետները: Դասընթացների ավարտին ուսանողները համալսարանի կողմից կստանան վկայագրեր»,-նշել է Ա. Գրիգորյանը և հավելել, որ կենտրոնը պարբերաբար կազմակերպելու է տարբեր ձևաչափերի հանդիպումներ գիտության, արվեստի, մշակույթի նշանավոր գործիչների հետ: