Լիբանանահայ երգչուհու նոր երգը՝ նվիրված Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին

Լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանը, ով փետրվարի 7-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային տանը համերգ ունեցավ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ղեկավարությամբ Սերգեյ Սմբատյանի, նոր երգ է թողարկել՝ նվիրված Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին:

«Թալիշի դիրքերում» կոչվող ստեղծագործության երաժշտությունը գրել է լիբանանահայ Վահրամ Էմմիյանը, խոսքերը՝ արցախցի Միքայել Հաջյանը: Երգը նվիրված է Արցախյան քառօրյա պատերազմի նահատակներ՝ Նորայր Հաջյանին և Սարգիս Խաֆալյանին:

«2017 թվականի մարտին Լիբանանում կազմակերպվել էր Արցախյան պատերազմի հերոսներին նվիրված երեկո, որին Արցախից հրավիրված էր նաև Միքայել Հաջյանը: Վերջինիս զավակը՝ Նորայր Հաջիյանը, զոհվել էր Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: Երեկոյի ընթացքում ծանոթացա Միքայել Հաջյանի հետ և առ այսօր շարունակվում է մեր բարեկամությունը: Երկու ամիս առաջ նա ինձ ասաց, որ որդու և նրա ընկերոջ՝ Սարգիս Խաֆալյանին նվիրված երգ է գրել և առաջարկեց կատարել այն: Լսելով երգը՝ անմիջապես համաձայնեցի: Գործակցելով երաժշտության հեղինակ, լիբանանահայ երգահան Վահրամ Էմմիյանի հետ, ձայնագրեցինք երգը»,- «Հայերն այսօր»-ի հետ զրույցում ասաց Շողիկ Թորոսյանը և հավելեց, որ տեսահոլովակը պատրաստվել է Արցախում՝ Միքայել Հաջյանի նախաձեռնությամբ և Արցախի հանրային հեռուստատեսության մասնագետ Արթուր Բալասանյանի ջանքերով:

«Շատ կցանկանայի Արցախում, Թալիշի դիրքերում լինել և մասնակցել նկարահանումներին, սակայն չկարողացա: Իսկ տեսահոլավակը կարծես մի ֆոտո և տեսապատմություն լինի՝ հերոս տղաների մասնակցությամբ»,-ասաց լիբանանահայ երգչուհին:

Շողիկ Թորոսյանը նշեց, որ սփյուռքահայ արվեստագետի առաքելությունն է նպաստել հայ մշակույթի պահպանմանն ու տարածմանը, ինչը և ինքը փորձում է կատարել երգի ճամփով: Իսկ հայրենասիրական երգեր կատարելիս՝ պատասխանատվությունն ավելի է մեծանում:

«Ինձ համար շատ մեծ է երգի նշանակությունը: Շատ զգացական եմ մոտեցել, երգի միջոցով նույնացա Հաջյան ընտանիքի հետ, զգացի նրանց ցավը, ապրումները, կարծես եղբոր համար երգեի»,-նշեց Շողիկ Թորոսյանը:

Scroll Up