Ինչպես նախորդ 22 տարիների ընթացքում այս տարի նույնպես «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը www.peaceofart.org շարունակում է իր ամենամյա ակցիան` Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ընդառաջ ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի տարբեր քաղաքներում բարձրացնելով էլեկտրոնային վահանակներ,
հարգելով բոլոր ցեղասպանությունների անմեղ զոհերի հիշատակը, միջազգային հանրությանը ներկայացնելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության` Հայոց Մեծ եղեռնի ողջ իրողությունը՝ որպես անհերքելի պատմական փաստ՝ կոչ անելով նրա միջազգային ճանաչմանը։
Ինչպես
«Հայերն այսօր»-ին հայտնում է Հեղինե Գևորգյանը, ա
յս տարվա վահանակի վրա պատկերված է դատարկ և փշալարերով պատված թռչնաբույն, որտեղ դեռ մնում են բռնի ուժով վտարված թռչունների փետուրները, ճիշտ այնպես, ինչպես հայ ժողովուրդը, որ օսմանյան կայսրության հրամանով ստիպված եղավ լքել իր բնօրրանը ու բռնել գաղթի, սովի, հալածանքի ու մահվան ճանապարհը:
«Վահանակը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը խլեց 1,5 միլիոն մարդու կյանք, իսկ 393,700 հայեր արտաքսվեցին իրենց բնակավայրերից և դառան գաղթականներ, լինելով գաղթականի զավակ, գաղթականության մորմոքը զգում եմ խորապես և առավել ցավում, որ այս հարցը այսօր էլ շարունակում է մնալ արդիական և գլոբալ խնդիր: Սիրիայում շարունակվող պատերազմի պատճառով բազմահազար քաղաքացիներ, այդ թվում հայեր կորցրեցին իրենց կյանքը, ինչպես նաև ստիպողաբար թողնելով իրենց բնօրրանը՝ բռնեցին գաղթի անհայտ ճանապարհը՝ վերադառնալու անհույս երազանքով»,-իր խոսքում նշեց արվեստագետ, «Արվեստի խաղաղությունը» կազմակերպության նախագահ Դանիել Վարուժան Հեճինյանը:
«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը 501(C)(3) անշահույթ կրթական մարդասիրական կազմակերպություն է՝ ձոնված աշխարհի խաղաղության պահապաններին և իրագործողներին, նաև նրանց, ովքեր ունեցել են քաջություն իրենց կյանքը վտանգելու մարդկության բարօրության համար։
«Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունն օգտագործում է համընդհանուր արվեստի լեզուն՝ իրազեկելու մարդկային գոյավիճակին՝ նպաստելով հակամարտությունների խաղաղ լուծմանը։ «Արվեստի խաղաղությունը» կազմակերպությունը ծառայեցնում է արվեստն հանուն խաղաղության և չունի որևէ քաղաքական կամ կրոնական ուղղվածություն’ առանցք ունենալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և Հայաստանի հեղինակության բարձրացումը արտերկրում: