100կմ քայլարշավ՝ հանուն 10 ընտանիքի լուսավոր ապագայի

«Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության մի խումբ աշխատակիցներ և կամավորներ 100 կմ քայլարշավ են սկսել: Արշավը մեկնարկել է  Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղից: Խորհրդանշական 100կմ-ի առաջին քայլը կատարվել է Ֆուլերի 2008թ.-ի առաջին շահառու ընտանիքներից մեկի՝ Թորոսյանների տնից և ավարտվելու է կազմակերպության այս տարվա շահառու ընտանիքի՝ Մակարյանների տանը, Վայոց Ձորի Մարզի Ագարակաձոր համայնքում:

«Ֆուլեր տնաշինական կենտրոն» ԲՀԿ-ն այս տարի տոնում է իր գործունեության՝ տան կարիք ունեցող ընտանիքներին պարզ, հարմարավետ ու մատչելի բնակարաններով ապահովելու տասնամյակը: Այս տարիների ընթացքում մոտ 650 ընտանիքներ են աջակցություն ստացել և վայելում են բարեկարգ  տուն ունենալու ուրախությունը:

«Երջանկություն է մեր հարկի տակ հյուրընկալել այն մարդկանց, ում օգնությամբ տասը տարի առաջ մեծ հոգսից ազատվեցինք: Այսօր տուն ունենալու երջանկության խորհրդանշական բանալին սիրով փոխանցում եմ այն ընտանիքին, ում դուռը այս տարի թակել է հաջողությունը: Ամենակարևոր բանը հայ մարդու համար տուն ունենալն է և, ես մաղթում եմ, որ այդ հրճվանքը ապրի ամեն հայ ընտանիք»,-ասել է Արայիկ Թորոսյանը:

Դեռ տարեսկզբին «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հայտարարել էր, որ մինչ տարեվերջ կառուցելու է նախատեսվածից 10-ով ավելի տներ՝  տասնամյակը հիշարժան դարձնելու համար:  Տասնամյակին ընդառաջ մեկնարկած քայլարշավի նպատակն է օգնել տան կարիք ունեցող այդ ընտանիքներին ինչպես նաև հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում առկա բնակարանային խնդրի վրա:

«Արդեն տասը տարի է, որ մեր կազմակերպությունը Հայաստանի բոլոր մարզերում օգնության ձեռք է մեկնում տան կարիք ունեցող ընտանիքներին: Մեր աջակցությունը խթան է հանդիսանում ընտանիքի համար՝ հավատալ սեփական ուժերին, դառնալ լավատես ու հավատով լցվել ապագայի հանդեպ: Արշավի նպատակն է լուծել ևս տասը ընտանիքի բնակարանային խնդիրը,  լինել միասնական և օգնել մեր կողքին բնակվող այն մարդկանց, ովքեր օգնության կարիք ունեն: Մենք համոզված ենք, որ այս 100կմ ուղին դյուրին կլինի և մեր ակնկալիքները իրականություն կդառնան», – ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ՝ Աշոտ Եղիազարյանը:

Քայլարշավը կտևի 4 օր: Արշավականները ամեն օր կանցնեն  մոտ 25կմ ճանապարհ:

Scroll Up