Մայրության ու գեղեցկության օրվան նվիրված տոնական համերգ՝ օդեսահայ համայնքի մշակույթի տանը
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/04/օդեսա5.jpg)
Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ՝ երգելով մորն իմ անգին…
Հովհ. Շիրազ
Արևաշող գարնանը բնությունը զարթոնք է ապրում, հողը ջերմանում է ու «մայրության հրճվանքից դողում»… Իսկ մարդկային կյանքի գարնան ակունքը կինն է, քանզի կնոջ կոչումը մայրությունն է, որը դառնում է նրա կյանքի իմաստն ու նպատակը…
Գարնանը Հայոց եկեղեցին նշում է Ավետման՝ սքանչելահյուս ու լուսավոր տոնը, Մարիամ Աստվածածնի երկրպագության օրը, որը վեհ ու աստվածային խորհուրդ ունի։ Այն մեզանում ընդունվեց Մայրության ու գեղեցկության տոն և արդեն սիրված, սպասված ու գեղեցիկ ավանդույթ է դարձել:
Ապրիլի 7-ին, այս հրաշալի տոնի առիթով, հայ համայնքի փայլուն «աստղեր»-ից մեկի՝ «Արաքս» վոկալ համույթի գեղարվեստական ղեկավար, բազմաթիվ երաժշտական մրցույթ-փառատոնների դափնեկիր, քաղցրաձայն երգչուհի և երգուսույց Սիրանուշ Մինասյանի նախաձեռնությամբ ու անմիջական մասնակցությամբ, նաև՝ մշակույթի տան տնօրեն Աննա Գևորգյանի աջակցությամբ կայացավ մի քնքուշ ու հաճելի տոնահամերգ։
Համերգ-հանդիսությունն սկսվեց օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի օրհնությամբ ու օրվա լուսավոր խորհրդի մեկնությամբ. «Ինչպես ասել է երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը՝ կնոջ դերն իր վեհագույն ձևով դրսևորված է Աստվածամոր կերպարում։ Նրա հեզությունը, խոնարհությունն ու Աստծո կամքին հնազանդությունը, նրա մաքուր կյանքը, առաքինի վարքը և աստվածահաճո ընթացքը պատգամ են՝ հավատով և բարոյական սկզբունքներով ապրելու: Ամենաօրհնյալ Կույսի մայրական գութը թո՛ղ առաջնորդի մեր մայրերին ու տատիկներին, կանանց ու դուստրերին, և Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսությամբ Տիրոջ օրհնությունը մտնի յուրաքանչյուր հայ ընտանիք»։
Այնուհետև, գարնան նման արևաշող վարդերի բույրով լեփ-լեցուն, մեծ ու լուսափթիթ սրահում ներկա գտնվող մեր հայրենակիցները սիրով ունկնդրեցին Սիրանուշի հիանալի կատարումները։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ նա ավելի կատարելագործեց իր երաժշտական ունակությունները։ Տարբեր լեզվամտածողություներին հաղորդակից լինելը նրան չխանգարեց անթերի կատարել զանազան ժանրերի ստեղծագործություններ։ Զարմանալի չէ՝ նա այն հրաշք պարտեզի սոխակներից է, որի ծառ ու ծաղկի արմատները գնում են դեպի տաղանդներրի օրրան Շիրակ աշխարհ, շիրակամայր Գյումրի, ուր ծնվել է Սրանուշը։ Ինչպես խոստովանեց նա՝ մայր դառնալով հանդերձ ավելի խորն է ըմբռնել մոր աստվածային էությունը, և քանի մեր կողքին են մեր մայրերը, պետք է հաճախ արտահայտենք մեր սերն ու ակնածանքը.
-Եկ, մայրի՛կս, եկ աչքերդ, ե՛կ ձեռքերդ համբուրեմ…
Դյութում էին նրա շուրթերը վարդե. տաղասաց այս հայուհու շուրթերից հարազատ գետի ալյաց նման կարկաչեցին միջնադարի մեծ սիրերգակ Սայաթ-Նովայի, մեր գուսանների հոգեզմայլ երգերը, ջազային կոմպոզիցիաներ, էստրադային ստեղծագործություններ՝ տարբեր լեզուներով։
Համերգային ծրագրի ընթացքում հայ քնարերգուների քերթվածքների ասմունքով հանդես եկավ հաղորդավարուհի, մարզի երիտասարդաց միության շնորհալի նախագահ Ազգանուշ Վարդանյանը։ Նրանցում հայ մոր կերպարն էր՝ իրական ու ճշմարտացի, ով, ունենալով հանդերձ շատ ընդհանրություններ աշխարհի բազում ազգերի կանանց հետ, միաժամանակ օժտված է ուրույն հատկանիշներով. հայ մայրը ծով հաբերություն է, ծով բարության մարմնացում, սիրող ու ներող, հոգատար ու նվիրյալ, համեստ ու ավանդապաշտ, իսկ, թե հարկ լինի՝ ազգապահպան մի հերոս…
Այդպիսին են Օդեսայի հայուհիները, ովքեր իրենց շնորհներով ու գործերով հրաշալի օրինակ են սփյուռքում աճող, երիտասարդ սերնդի, հատկապես օրիորդաց համար։
Երգ ու տաղիկներով և ասմունքով իրենց մասնակցությունը բերին նաև «Արևիկ» մանկապարտեզի սաները։ Նրանց համար մայրը գարնան արևի պես ջերմ է, գարնանային ծաղիկների պես՝ գեղեցիկ ու հմայիչ.
– Ես սիրում եմ ծաղիկները,
Մեկ էլ մորս աչքերը պարզ…
Աստվա՛ծ, մեկ էլ՝ քո աչքերը,
Թե ինձ սիրես մայրիկիս պես։
-Աշխարհի չափ քեզ սիրում եմ, մա՛մա…
Ալիքվեցին սրահի բարձր կամարների տակ ջութակի մեղեդին և «Արաքս» համույթի երգերի հնչյյունները թովիչ՝ քնքշությամբ ու սիրով լեցուն։ Հնչեցին նաև երգեր՝ ձոնված հայրենիքի պաշտպաններ ծնած՝ մեծ հոգու տեր մայրերին.
Այս կյանքից հոգնած՝ ողջ աշխարհն է քնած,
Արթուն է միայն մայրս՝ Մայր Աստվածը մեր տան։
Կատարումներն ուղեկցվում էին կենդանի երաժշտության նվագակցությամբ։
Նաև մատուցվեցին հաճելի անակնկալներ, որոնք վերստին վկայեցին մայրական սիրո անսահման լինելը.
-Եկե՛ք երախտագիտության անհուն զգացումով, խոնարհաբար շորհակալ լինենք մեզ պարգևած կյանքի համար,- հնչեց սրահում։
Ինչպես իրավացիորեն նկատեց քահանան՝ դրվատանքի արժանացնելով կազմակերպիչներին, դահլիճը լեցուն էր նորածին հայ մանուկերով՝ մայրիկների ու տատիկների կյանքի իսկական ծաղիկներով, որն անչափ որախալի էր։
-Այսօրվա հանդիսությունը հավաստեց, որ մենք մորը սիրող ու սրբացնող, ծնողներին գնահատող ազգ ենք, հետևաբար, նման միջոցառումները դաստիարակչական մեծ արժեք ունեն, քանզի ներկայացնում են հայ օջախների դարավոր սովորույթներն ու ընտանեկան արժեքները, որոնք նպաստում են ազգային ուրույն նկարագրի պահպանմանը,-ասաց նա։
Տոնական համերգի ավարտին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խաչի քավորի կողմից հայուհիներին, հանդիսությանը ներկա բոլոր կանանց գեղեցկության ու քնքշության խորհրդանիշ վարդեր նվիրվեցին։
Գարնանաբույր այս չքնաղ տոնի կապակցությամբ կազմակերպված համերգ-հանդիսությունն ինքնին բուրումնավետ ծաղկեփունջ էր՝ նվիրված հայոց մայրերին։
Տոն էր՝ գարնան ու ծաղկունքի բույրով, հրապույրով …
Նարինե Մուրադյան, ք. Օդեսա