Դեպի Թալիշ ուխտագնացությունը բոլոր թալիշցիներին ևս մեկ անգամ կհամախմբի իրենց ծննդավայրում

«Թալիշ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվող «Ուխտագնացություն Թալիշ» միջոցառումը բոլորին ևս մեկ անգամ կհամախմբի Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող գյուղում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանք ուխտագնացությունը կիրականացնեն մայիսի 1-ին:

«Ուխտագնացության գաղափարը ծագել է դեռ նոյեմբերին: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ցավոք, թալիշցիների մի մասն այնտեղ չէ: Վստահ եմ, որ մայիսի 1-ը բոլորին կհամախմբի Թալիշում, շատերը կգան: Պատմությունը ցույց է տվել, որ նրանք երբեք իրենց բնակավայրը չեն թողնում ամայի»,-ասաց «Թալիշ» հիմնադրամի գործադիր տնօրեն Միքայել Ապրեսյանը:

Մայիսի 1-ին կհասնեն Արցախ, ամսի 2-ին կայցելեն գերեզմանոց, այնուհետև միջոցառում կանցկացնեն Թալիշում զոհվածների հիշատակի հուշարձանի մոտ: Ապրեսյանի խոսքով՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր հետ զրույցում ևս հավանություն է տվել ուխտագնացության գաղափարին:

Մայսիսի մեկը պատահական չէ ընտրված: Թալիշցիների համար ավանդույթ է այդ օրը բոլորով հավաքվել իրենց ծննդավայրում: Ուխտագնացության համար նախապես լուծվել են նաև անվտանգության հետ կապված խնդիրները:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մելիտա Խաղափյանի խոսքով՝ գնում են ոգեկոչելու իրենց նախնիներին: «Գնում ենք ոգեկոչելու մեր նախնիներին, որոնք ապրել, գործել ու իրենց մասունքները թողել են Թալիշում: Վստահ եմ, որ կգան ինչպես մեծահասակներ, այնպես էլ երիտասարդներ»,-ասաց Խաղափյանն ու հույս հայտնեց, որ իրենց կմիանան տարբեր վայրերում ապրող թալիշցիներ:

Scroll Up