«Արցախփոստ»-ը շրջանառության մեջ է դրել «Եվրոպա-2018 կամուրջներ» թեմայով երկու նամականիշ
Ընթացիկ տարվա մարտի 30-ից «Արցախփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել «Եվրոպա-2018 կամուրջներ» թեմայով երկու նամականիշ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Արցախփոստ» ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը:
Նա տեղեկացրել է, որ թողարկված 350 ՀՀ դրամ անվանական արժեքով փոստային առաջին նամականիշի վրա պատկերված է Հադրութի շրջանի Տումի գյուղի մոտակայքով հոսող համանուն գետի վրա կառուցված Ջարվանեսի կամուրջը, որը թվագրված է 13-րդ դարից:
Իսկ 450 ՀՀ դրամ անվանական արժեքով երկրորդ նամականիշի վրա էլ պատկերված է Քարավազի (Խուդափերինի) կամուրջը. այն էլ կառուցվել է 5-7-րդ դարերում:
Մեր զրուցակցի խոսքով՝ նամականիշերի դիզայնի հեղինակը ստեփանակերտցի նկարիչ Արմեն Ղուկասյանն է: