Երևանում կնշեն Փարաջանովի օրը

Երևանում՝ The LOFT ժամանցի կենտրոնում, ապրիլի 8-ին տեղի կունենա Parajanov Day խորագիրը կրող մշակութային մեծամասշտաբ միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ ռեժիսոր, կոնցեպտուալ արտիստՍերգեյ Փարաջանովին:

Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, այդ օրը The LOFT-ը կվերածվի Փարաջանովի հանրահայտ թբիլիսյան տանը, նրա գունեղ ֆիլմերի նկարահանման հրապարակին, կամ էլ գուցե հանրահայտ Փարաջանովյան ամառանոցի, որտեղ խնջույքներն ու հյուրերն անպակաս էին։

Օրվա ընթացքում սպասվում է թեմատիկ իրադարձությունների մի ամբողջ շարք.«Փարաջանով» թեմայով դասախոսություն-քննարկում՝ հայ բանասեր, հայագետ, կինոգետ, պատմաբան, բառարանագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի կողմից,«Մուսա. Փարաջանով»՝ դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի հագուստի հավաքածուի ցուցադրություն,Անի Հովակի և Սիրանուշ Աղաջանյանի կոլաժների հավաքածուների ցուցադրություն:

Ինչպես նաև միջոցառման ընթացքում գործելու է թեմատիկ ֆոտոանկյուն, լինելու է Փարաջանովի կոլաժների հիման վրա ստեղծված մետաքսե շարֆերի հավաքածուի ցուցադրություն, երաժշտական պերֆորմանս, գինու և նռան հյութի հյուրասիրություն և Սերժ Ավետիքյանի «Փարաջանով» ֆիլմի դիտում-քննարկում:

Միջոցառմանը կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքային խմբի բոլոր ներկայացուցիչները, մուտքավճարը կազմում է 2500 դրամ:

Scroll Up