Հուշ- երեկո նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին

Մարտի 31-ին «Մանսար» ստուդիայի դահլիճում տեղի ունեցավ ապիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված «Պատիվ ունենք» խորագրով երեկոն: Անցավ երկու տարի՝ եղերական, բայց նաև հերոսական այդ օրերից: Այսօր մենք խոնարհումով, բայց և հպարտությամբ ենք հիշելու նրանց սխրանքները: Հպարտությամբ, այո′, որովհետև մեր տղերքը իրենց անկոտրուն քաջությամբ ու խիզախությամբ հետ շպրտեցին վայրագ թշնամուն:
Միջոցառմանը ներկա էին «Կռունկ» հայկական համայնքի փոխնախագահ Արայիկ Քոսյանը, խորհրդի անդամներ Սիմոն Կագիյանը և Ալեքսեյ Քիշոյանը, Դանիել Պուչինյանը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Գրիգորի Զալինյանը, նկարչուհի և բանաստեղծուհի Լաուրա Խաչատրյանը: Իրենց ողջյունի խոսքում նրանք կարևորեցին նման միջոցառումների կազմակերպումը.
«Այսպիսի միջոցառումները անչափ կարևոր են, որ հայ զինվորն իր թիկունքում զգա մեր տաք շունչը, զգա, որ մենակ չէ: Ինչպե՞ս կարող ենք շնորհակալություն հայտնել զինվորից, ում արյունով են գծվել մեր սահմանները… Միայն հիշելով, խոնարհվելով և անմահացնելով նրանց անունը: Այսօր մերօրյա երիտասարդների մեջ  տեսնում ենք նահատակ զինվորների աչքերը, հոգին ու հայացքը: Նրանք միշտ եղել են, կան ու կլինեն, քանի որ ընտրել են հավերժության ու անմահության ճամփան: Յուրաքանչյուրը յուրովի պետք է ապացուցի իր հայրենասիրությունը, գյուղացին՝ աշխատանքով, զինվորը՝ զենքով, մենք՝ գիտության բարձունքներ նվաճելով: Պետք է հաղթել ցանկացած ոլորտում, որովհետև հաղթանակը հայի արյան մեջ է: Ինչպես նշվեց քիչ առաջ, մենք էլ հայրենիքից հեռու ձեզ համար ստեղծում ենք մեր փոքրիկ Հայաստանը, եկեղեցին և մշակույթի կենտրոնը, որը մեզ ավելի միասնական կդարձնի: Հայ ժողովրդի ճակատագիրը միշտ էլ քմահաճ է եղել, և հաճախ է մեր դուռը պատերազմով բացվել, ուստի այսօրվա երիտասարդների խոսքերն ու ելույթները ապացույց են, որ նրանց համար թանկ են «հայրենիք» և «պատիվ» հասկացությունները»:
Այսօրվա հուշ-երեկոն, մենք՝ հայ համայնքի մի խումբ երիտասարդներս, կազմակերպել ենք մեծ ոգևորությամբ ու հպարտությամբ, մեզ ոգևորող ուժը մեր զինվորներն են, և մենք մեր պարտքն ենք համարում հիշել ու խոնարվել քաջ հայորդիների հիշատակի առաջ, չէ՞ որ նրանք էլ մեզ պես, մեր տարիքի, նույն երազանքներով ու նպատակներով էին ապրում… Շատ կարևոր է ընկալել, որ այդ երիտասարդները, զենքը ձեռքին, հավատը սրտներում,այնտեղ` սահմանին, հսկում են մեր անդորրը, իրենց մատաղ կյանքն են զոհաբերում մեր վաղվա խաղաղ օրվա համար:
Հայրենիքից հեռու հեշտ է խոսել հայրենասիրության մասին, և մենք՝ այսօրվա երիտասարդներս, պարտավոր ենք հիշել, պահպանել մեր հավատը, մեր լեզուն, մշակույթն ու պատմությունը, հայի ոգին ու ուժը: Մեզ ոգևորող ուժը մեր զինվորներն են, հայրենասիրության վառ օրինակը դուք եք, որ հայրենիքից հեռու մեզ համար ստեղծում եք մեր փոքրիկ Հայաստանը: Շնորհակալ ենք ձեզ ու հպարտ ձեր ազգանվեր գործով, հպարտ՝, որ ձեր մի մասնիկն ենք:

2016թ. ապրիլի 2 … Կատարվեց անսպասելին… Քսան հոգին ջարդեց հարյուր հիսունին: Անհաղթ է ոգին, ուր բոց է վառվում, քանակն անզոր է, երբ սիրտն է կռվում… Փառք ձեզ, տղանե′ր, խոնարվում ենք ձեր թանկ շիրիմների առաջ, դուք ընդմիշտ ներկա եք լինելու մեր և ապագա սերունդների սրտերում: Ներկա եք լինելու հավերժ՝ մեր հայրենիքի պես:
Երեկոյի իրականացման համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Կռունկ» հայկական համայնքի նախագահին և խորհրդի անդամներին, «Կռունկ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիանա Բարեղամյանին: Օգնության և աջակցության համար շնորհակալություն ենք հայտնում «Մանսար» ստուդիային՝ ի դեմս Նանե Խաչատրյանի և Միքայել Ավետիսյանի, Աշոտ Խաչատրյանին, Գոհար Մարտիրոսյանին:
Երեկոն պատրաստել էին Անի Սարգսյանը (միջոցառման մտահղացման և սցենարի հեղինակ), «Կռունկ» պարային համույթը, Կատրին Բաղդասարյանը, Անգելինա Պողոսյանը, Վարդան Հովսեփյանը, Արման Սարգսյանը, Վահե Սրաբունցը, Ռուբեն Ավետիսյանը և Սերգեյ Բաղդասարյանը:

 Անի Սարգսյան

Scroll Up