Աթենքի Բաց համալսարանի ուսանողներն այցելեցին «Հայաստան» կենտրոն
Աթենքի Բաց համալսարանի մի խումբ ուսանողներ այսօր հյուրընկալվեցին «Հայաստան» հ/մ կենտրոնում: Այցի նպատակը «Հայաստան» կենտրոնի հիմնադիր անդամ, Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոնի հետազոտող Էլենի Քասեսյանի հետ հանդիպումն էր:
Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում ուսանողներն ունկնդրեցին հայական, կիպրական և հունական հեքիաթներ և առասպելներ, ծանոթացան հեքիաթների ժանրերի, հայ և հույն հեքիաթային հերոսների արխետիպային մի շարք առանձնահատկությունների հետ:
«Հեքիաթների հեղինակը հիմնականում ժողովուրդն է։ Այն, ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են տեսնել հեքիաթներում։ Այսպիսի միջոցառումները հայ-հունական մշակութային երկխոսության համար լավագույն հարթակ են հանդիսանում»,-նշեց Էլենի Քասեսյանը: Միջոցառումը շարունակական է լինելու: Առաջիկայում նախատեսվում են նոր հանդիպումներ։
Հիշեցնենք, որ այսպիսի միջոցառումներ «Հայաստան» կ/մ կենտրոնը պարբերաբար կազմակերպում է 2015-ից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից սկսած։
«Հայաստան» լրատվական կենտրոն, Աթենք