Երիտասարդներն այցելել են արցախյան պատերազմում զոհված հերոսների շիրիմներին
Այսօր՝ ապրիլի 2-ին, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը հարգելու համար ուսանողական, երիտասարդական կազմակերպությունների անդամներն այցելել են գերեզմանոցներ՝ ծաղիկներ խոնարհելու նահատակված հերոսների շիրիմներին:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Կարինե Հարությունյանն իր խոսքում ասել է, որ ի տարբերություն 90-ականների պատերազմի, 2016թ.-ի ռազմական գործողություններին զոհ գնացած հերոսների հիշատակը հարգում են նրանց երիտասարդ ընկերների հետ միասին:
«Ապրիլի 2-ը մեր բոլոր զոհված տղաների հիշատակը հավերժացնելու օրն է, ինչպես նաև մեծարելու այն խիզախ երիտասարդներին, ովքեր իրենց հայրենասիրական ոգին չեն կորցրել և ապացուցել են, որ պատրաստ են ցանկացած իրավիճակում հասնել օգնության: Այսօր մեր երիտասարադական կառույցներից շատերում ընդգրկված են հենց ապրիլյան պատերազմի մասնակից տղաները և նրանց հետ հուշահամալիր այցելելն իսկապես կրկնակի պարտավորեցնող է»,- նշել է Կ. Հարությունյանը:
Մեզ հետ զրույցում 2016 թվականի ապրիլի 4-ին նահատակված Ռուդիկ Մովսեսյանի այրի Նելլի Հայրապետյանն ասել է, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո Ռ. Մովսեսյանը մնացել է պաշտպանության բանակում՝ որպես սպա: Նա հետմահու «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
«Ծանր կորստից հետո մեր ընտանիքը մխիթարվում է առաջին հերթին այն ուշադրությունից, որն այսօր ստանում ենք մեր հասարակության կողմից: Նմանօրինակ նախաձեռնությունները սփոփում են մեր մեծ վիշտը»,- նշել է հերոսի այրին: