Չիկագոյում բացվեց ՀՀ պատվո հյուպատոսություն
Մարտի 22-ին տեղի ունեցավ Չիկագոյում Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության բացման պաշտոնական արարողությունը (հյուպատոսական շրջանը ներառում է ԱՄՆ Իլինոյ, Միսուրի, Այովա, Վիսկոնսին ու Մինեսոտա նահանգները):
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Չիկագոյի կենտրոնում գտնվող Հայաստանի նոր հյուպատոսական ներկայացուցչությունում տեղի ունեցած բացման ու պատվո հյուպատոս Օսկար Թաթոսյանի պաշտոնավարման մեկնարկի ազդարարման հանդիսավոր արարողությանը հաջորդեց դիվանագիտական ընդունելություն Չիկագոյի պատմական ��?Union League Club’-ում:
Ներկաներին ողջունեցին Չիկագոյի քաղաքապետ Ռահմ Էմանուելը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը: Հանդիսությանը ներկա էին 400-ից ավելի հյուրեր, այդ թվում` Իլինոյ նահանգի կոնգրեսականներ, Չիկագոյի հյուպատոսական կորպուսի անդամներ, ինչպես նաև տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Սմիթսոնիան հաստատության հատուկ ծրագրերի տնօրեն Հալե Բաթվինը, ով ներկայացրեց հունիսի 27-ից հուլիսի 8-ը Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնիան Ֆոլքլայֆ փառատոնին Հայաստանի` որպես հատուկ հրավիրյալ հյուրի, մասնակցության մանրամասները: