«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հոգաբարձուներն այցելեցին Սփյուռքի նախարարություն

Մարտի 26-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի («ՋԱՀ») խորհրդի նախագահ Սոս Սահակյանին,  խորհրդի անդամներ, գործարար Մնացական Գասպարյանին (Մոսկվա), գործարար Աղասի Սահակյանին (Սանկտ-Պետերբուրգ), բարերար Քաջիկ Նուրիջանյանին (Երևան), գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանին, գործադիր տնօրենի իրավական և ֆինանսական հարցերով տեղակալ Սամվել Մկոյանին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորեց նրանց ազգանվեր և հայապահպան գործունեությունը, նախանձախնդիր վերաբերմունքը Ջավախքի համայնքային, մշակութային, կրթական հարցերի լուծմանը: Նախարարը պատվոգրեր հանձնեց Աղասի Սահակյանին,  Մնացական Գասպարյանին և Աշոտ Հակոբյանին՝ Սամցխե-Ջավախք և Քվեմո Քարթլի նահանգների հայ համայնքների հասարակական կյանքի զարգացման և հայ-վրացական համագործակցության սերտացմանն ուղղված ծրագրերի իրականացմանն ակտիվ մասնակցելու համար:

Քննարկվեցին  համայնքի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերները, անդրադարձ կատարվեց դպրոցներում նոր տեխնոլոգիական ծրագրերի ներդրման հնարավորությանը:

Հյուրերը շնորհակալություն հայտնեցին արդյունավետ հանդիպման համար, նախարարին ներկայացրին իրականացրած աշխատանքները, հետագա ծրագրերը, պատրաստակամություն հայտնեցին ավելի սերտ համագործակցել Սփյուռքի նախարարության հետ:

 

Scroll Up