Կանայք՝ բանակում

Դարեր ու հազարամյակներ շարունակ հայ կանայք ու մայրերը եղել են լույսի և ջերմության՝ երբեք չցամաքող այն առատաբեր աղբյուրները, որոնք միշտ վառ են պահել կենսաբեր կրակը մեր օջախներում, ամուր հենարան հանդիսացել օտար ափերում՝ ապրուստի միջոցներ վաստակելու հույսով դեգերող կամ հայրենիքի պաշտպանության դիրքերում կռվող իրենց ամուսինների համար:

 Ծնել, սնել ու դաստիարակել մեր երկրի ապագա պաշտպաններին ու քաղաքացիներին, իսկ բախտորոշ և հայրենիքի համար օրհասական պահերին նաև զենքը ձեռքներին կանգնել մարտնչող իրենց հայրերի, ամուսինների և զավակների կողքին ու, կենաց-մահու պայքար մղելով մինչև վերջին հնարավորությունը, վաստակել արևի տակ մեր արժանավոր տեղը ունենալու իրավունքը: Մեր երկրի անվտանգության ապահովման ոլորտը այն՝ թերևս եզակի բնագավառն է, որտեղ կանայք ներգրավված են ոչ մասսայաբար և դա ունի իր հասկանալի պատճառները, սակայն տարեցտարի զինվորական ծառայությունը դառնում է շատ ավելի գրավիչ և առավել մեծ թվով կանայք ու աղջիկներ են պատրաստակամություն հայտնում ընդգրկվելու զինված ուժերի կենսագործունեության այս կամ այն բնագավառին:

Ավելին, եթե նախկինում կանայք բանակում ներգրավված էին հիմնականում թիկունքային և ապահովման ոլորտներում, այսօր արդեն մեծացել է իգական սեռի այն ներկայացուցիչների քանակը, ովքեր գիտակցված ընտրությամբ համալրել են զինված ուժերի շարքերը՝ մարտական խնդիրներ կատարող ստորաբաժանումներում:

Մարինե Եզեկյանն ու Ծաղիկ Մխիթարյանը ՊԲ-ում առաջիններից էին, որ, ավարտելով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 2016 թվականին լեյտենանտի ուսադիրներով, որպես դասակի հրամանատարներ, ծառայության են անցել ՊԲ-ի հրետանային զորամասերից մեկում: Բացի զուտ ծառայողական խոչընդոտներից, աղջիկները ստիպված են եղել հաղթահարել նաև որոշակի կարծրատիպեր, սակայն, ծառայության անցնելուց կարճ ժամանակ անց, կարողացել են ոչ միայն կայանալ որպես դասակի հրամանատարներ, այլև ձեռք բերել հրամանատարության ու ենթակաների հարգանքն ու վստահությունը:

ՊԲ-ում կանայք ավանդաբար ներգրավված են բուժապահովման, կապի և հակաօդային պաշտպանության համակարգերում, թիկունքային ապահովման ոլորտում և գրասենյակային աշխատանքներում:

Ինչպես վկայում են ուսումնասիրություններն ու հրամանատարության գնահատականները, նրանք մշտապես աչքի են ընկնում առանձնահատուկ բարձր պատասխանատվությամբ, երբևէ չեն խորշում զինվորական կյանքին հատուկ դժվարություններից: Առանց տրտնջալու, ըստ անհրաժեշտության, կանայք և աղջիկները կարող են օրերով ու շաբաթներով բացակայել ընտանիքներից, ստորաբաժանման մյուս զինծառայողների հետ հավասար իրենց ուսերին կրել բոլոր զրկանքները և հարկ եղած դեպքում անգամ վտանգի ենթարկելով սեփական կյանքը, կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված առաջադրանքները:

Այն, որ ՊԲ-ում այսուհետ ծառայելու ցանկություն են ունենալու առավել մեծ թվով կանայք ու աղջիկներ, փաստում է Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանի հետևյալ վիճակագրությունը: Իգական սեռի առաջին երկու սաները այստեղ ընդունվել են 2015 թվականին: Եվա Ղազարյանի և Սիրուն Սևյանի օրինակը վարակիչ է եղել, և այսօր արդեն այստեղ սովորում են թվով 16 աղջիկներ: Վերջիններս, նման ընտրություն կատարելու տարբեր շարժառիթներ են ունեցել, սակայն բոլորին միավորում է հայրենիքի  պաշտպանությանն ու մեր երկրի հզորացմանը ինչ-որ կերպ օգտակար լինելու գաղափարը:

Կանայք՝ բոլոր ժամանակներում շարժիչ ուժի դեր են կատարել և իրենց նույնիսկ անխոս ներկայությամբ ոգևորել ու ներշնչանքի աղբյուր հանդիսացել շրջապատի համար: Զինված ուժերում կանանց ներկայությունը առավել քան պահանջված ու ցանկալի է, առաջին հերթին հենց այս հանգամանքը  հաշվի առնելով:

Կանանց և աղջիկների մասնակցությունը մեր ազգային անվտանգության ապահովման գործին վերջիններիս ընտրությունն է և նրանց գիտակցված որոշման արդյունքը, որը հարգելով, նաև պետք է շնորհակալ լինենք բոլոր նրանց, ովքեր կարողանում են համատեղել ընտանեկան պարտականությունները հայրենիքը պաշտպանելու առաքելության հետ:

Արման Ավանեսյան

Artsakhpress.am

Scroll Up