Լուսանկարների ցուցահանդես` Լիբանանում ՀՀ դեսպանությունում

Մարտի 20-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի պատմության թանագարանի համատեղ կազմակերպմամբ դեսպանությունում տեղի ունեցավ «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված Երևան քաղաքի 2800-ամյա և Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյա հոբելյաններին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Լիբանանում հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագետ Վլադիմիր Պողոսյանը:
Ցուցահանդեսին ներկա էին Բեյրութի քաղաքապետարանի խորհրդի անդամներ՝ Արամ Մալյանը և Հակոբ Թերզյանը, Լիբանանի հայ համայնքի հոգևոր, մշակութային, կրթական կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ պատմության, արևելագիտության ինստիտուտների տնօրենները, պրոֆեսորներ, դոկտորներ, ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, դեկաններ, ՀՀ-ից ժամանած այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, նշելով, որ ցուցահանդեսի խորագիրը իր մեջ մեծ խորհուրդ է ընդգրկում, այն ի ցույց է դնում նորագույն շրջանում հայ պետականության շարունակակությունը: Դեսպանը փաստեց, որ Երևանը իրավամբ համայն հայության մայրաքաղաքն է, բոլորիս հավաքական իղձերի մարմնավորման վայրը:
Երևանի քաղաքապետարանի Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը նախ ընթերցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը, ապա ներկայացրեց ցուցահանդեսի թվով 100 լուսանկարների բովանդակության և պատմության մասին մանրամասները:
Այնուհետև դեսպանության հայ համայնքի հետ տարվող աշխատանքների դիվանագիտական կցորդ Վլադիմիր Պողոսյանը ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը:
Միջոցառման ավարտին Երևանի պատմության թանգարանի աշխատակազմը հյուրերին ներկայացրեցին լուսանկարների և մայրաքաղաքի պատմության վերաբերյալ տեղեկատվություն:
«Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով ցուցահանդեսը Երևանի 2800-ամյակին նվիրված առաջին ցուցահանդեսն է արտերկրում և Հայաստանում: Շրջիկ ցուցահանդեսը Երևանի քույր քաղաք Բեյրութից հետո տարվա ընթացքում կներկայացվի նաև Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում, Փարիզում:
Ներկայացնում ենք ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը.
Հարգելի´ ներկաներ,
Այսօր մեկնարկում է «Երևանը՝ երեք հանրապետությունների մայրաքաղաք» լուսանկարների ցուցահանդեսի սփյուռքյան արշավը, որը հնարավորություն պիտի տա աշխարհասփյուռ մեր հայրենակիցներին՝ մասնակիցը դառնալու մեր սիրելի Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված միջոցառումներին:
Ուրախ եմ, որ անդրանիկ այս ցուցադրությունը հենց Սփյուռքի մայրաքաղաքում է, ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ սփյուռքի նախարարության արդյունավետ համագործակցությունը հասել է Մերձավոր Արևելք, իսկ Լիբանանում մեր դեսպանության պատրաստակամությունն ու հյուրընկալությունը հնարավորություն են տալիս արձանագրելու եռակողմ գործակցություն:
Ցուցահանդեսն իր բովանդակությամբ անցյալի, ներկայի և ապագայի յուրօրինակ համադրություն է, ինքը՝ գաղափարը համադրությունն է պատմության, մշակույթի, մերօրյա հայ մարդու՝ երևանցու, նրա կենցաղի, ավանդույթների ու արժեքների, ամենուր տիրող անմիջականության ու սիրո:
Աշխարհի որ ծայրում էլ որ ապրելիս լինենք, մեր սրտերում մեր Երևանն ունենք պահած՝ վառ ու գունեղ, հինավուրց ու միշտ երիտասարդ, բարի, ջերմ ու տաքուկ, որ միշտ իր հյուրընկալ գիրկն է կանչում աշխարհասփյուռ իր զավակներին, և այսօրվա առիթը հիանալի հնարավորություն է՝ շրջելու տարբեր ժամանակների հոլովույթներում, վերապրելու զգացողություններ, որոնք մեր հայացքներն ուղղելու են դեպի լուսե քաղաք, դեպի Երևան դարձած մեր Էրեբունին, դեպի սիրտը Հայաստանի:
Եվ որքան լեցուն սրահներում անցնեն ցուցադրությունները, որքան ավելի շատ լինեն այցելուների թվում հատկապես պատանիներն ու երիտասարդները, այնքան ավելի նպատակային կլինի ցուցահանդեսի կազմակերպումը նաև իր ճանաչողական նշանակությամբ:
Հաջողություն մաղթելով ցուցահանդեսի աշխատանքներին և շնորհավորելով բոլորիս այս միջոցառման առիթով՝ մաղթում եմ, որ Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդմանն ուղղած նմանատիպ ձեռնարկները շարունակական լինեն:
Թոր որ յուրաքանչյուր հայորդի իր գործով նպաստի Երևանի զարգացմանը, դարձնի այն առավել գեղեցիկ, գրավիչ ու հարմարավետ՝ լինելով արժանապատիվ քաղաքացի, գալիք սերունդներին փոխանցի ամբարված այս բոլոր հիշողությունները, պատմություններն ու նվաճումները, որոնք կուղորդեն նրանց ապրելու և առաջնորդվելու նույն պատասխանատվությամբ ու հավատամքով:
