Ստեփանակերտում մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և պաշտպանության բանակի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում այսօր մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի հանրապետական փուլը, որին Ստեփանակերտից և շրջաններից մասնակցում է 8 թիմ:
Ռազմամարզական խաղերը բաղկացած են 5 մրցաձևերից` շարային պատրաստություն, «Կալաշնիկով» ինքնաձիգի ոչ լրիվ քանդում և հավաքում, պահեստատուփի լիցքավորում, հրաձգություն ինքնաձիգից, քաղաքացիական պաշտպանություն և ֆիզիկական պատրաստություն:
Միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ են խոնարհել Քրիստափոր Իվանյանի հուշարձանին, այնուհետև հնչել է Արցախի օրհներգը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ ՊԲ հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների (ԱՀՏԱ) գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը:
Նա ասել է, որ նման խաղերը հիմք են դնում ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդման և բանակաշինության գործընթացին:
Վ. Բալայանը նշել է, որ այսօրվա հայոց բանակը զինված է այնպիսի ռազմական տեխնիկայով, որի ճիշտ օգտագործման համար անհրաժեշտ են բանիմաց, գրագետ զինվորներ: Դպրոցում ստանալով գրագետ կրթություն և դրանք տարեցտարի ամրապնդելով՝ երիտասարդները, որպես արդեն գրեթե պատրաստի զինվորներ, ներկայանում են պարտադիր զինվորական ծառայության:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը ներկաներին շնորհավորել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի բացման առիթով և կարևորել նմանատիպ միջոցառումների անցկացումը:
Նախարարի խոսքով՝ անկախ նախասիրություններից և մասնագիտական կրթությունից, հայրենիքի պաշտպանությունը պարտադիր և պատվաբեր է յուրաքանչյուր հայի համար:
Ն. Աղաբալյանը նշել է, որ ապրիլյան պատերազմն ապացուցել է, որ նոր սերունդն իր հայրերից ու պապերից ժառանգել է լավագույն որակներն ու արժանիքները՝ հայրենասիրություն, խիզախություն, անկոտրում կամք:
Նա վստահություն է հայտնել, որ այսօրվա խաղի մասնակից պատանիները հենց այդ գեների կրողներն են:
ԱՀ ԿԳՍ նախարարության ռազմահայրենասիրական, ֆիզդաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Ստեփան Օհանջանյանն էլ իր խոսքում ասել է, որ այս տարվա «Արծվիկ» ռազմամարզական խաղերը նվիրված են Արցախյան շարժման 30-ամյակին, ինչը պարտավորեցնում է էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով մասնակցել այս միջոցառմանը՝ ֆիզիկապես ու բարոյապես պատրաստ լինելու շարունակել մեր հայրերի ու ավագ եղբայրների պայքարի գործը:
Իսկ խաղին մասնակից Հերհերի Ալիս Սիսեռյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Հարությունյանն իր խոսքում ընդգծել է, որ ամեն մի արցախցի, անկախ տարիքից պիտի ֆիզիկական պատրաստություն և ռազմահայրենասիրական դաստիարակություն ստանա. դրան նպաստում են Արցախում ամեն տարի անցկացվող «Արծվիկ» ռազմամարզական խաղերը:
Նշենք, որ մրցումները տևելու է 3 օր՝ մինչև մարտի 22-ը: