Դեսպան Սմբատյանն այցելեց «Պրովայն» ցուցահանդեսում ներկայացված հայկական տաղավար

Մարտի 18-ին Դյուսելդորֆում բացվեց «Պրովայն» գինիների և ալկոհոլային խմիչքների ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին այս տարի հերթական անգամ մասնակցում է Հայաստանը՝ ներկայացնելով 20 գինեգործական ընկերություններ:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ում Հայաստանի տաղավարում ընկերությունները ներկայացրին իրենց արտադրանքը, տեղեկատվական և գովազդային նյութերը, քննարկվեցին գերմանական շուկայում հայկական ալկոհոլային խմիչքների լայնորեն սպառման նպատակով անհրաժեշտ քայլերը: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 20-ը:
Տեղեկանք. «Պրովայն» («ProWein») գինիների և ալկոհոլային խմիչքների միջազգային տոնավաճառը 1994թ. ի վեր կազմակերպվում է Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում: Տոնավաճառի շրջանակներում աշխարհի 130 երկրների ավելի քան 6.600 ընկերություններ հնարավորություն են ունենում շուրջ 60.000 այցելուներին և ավելի քան 1000 լրագրողներին ներկայացնելու իրենց ապրանքատեսակները: