ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանի հանդիպումը Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ

Մարտի 16-ին ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպում ունեցավ Ռումինիայի ազգային կրթության նախարար Վալենտին Պոպայի հետ: Վերջինս շնորհավորեց ՀՀ դեսպանին պաշտոնավարման մեկնարկի կապակցությամբ` մաղթելով արգասավոր դիվանագիտական գործունեություն:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ դեսպանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանը ներկայացնել բարեկամ Ռումինիայում, որի հետ առկա է պատմական, մշակութային, կրթական կապերի հարուստ պատմություն: Այդ համատեքստում զրուցակիցները նաև բարձր գնահատեցին Ռումինիայում շուրջ 1000-ամյա ներկայություն ունեցող հայ համայնքի դերը:

Անդրադառնալով կրթական ոլորտում համագործակցությանը՝ ՀՀ դեսպանը նշեց, որ կրթական ոլորտը Հայաստանի դեսպանության գործունեության կարևոր ուղղություններից է, և առկա ամուր իրավապայմանագրային հիմքը հնարավորություն է տալիս ամրապնդել և զարգացնել կրթական, ակադեմիական, ուսումնական կապերը: Որպես դրա ցայտուն վկայություն ընդգծվեց Երևանի պետական համալսարանի և Բուխարեստի համալսարանի համագործակցությունը, Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում ռումիներենի դասավանդումը, Կլուժ-Նապոկա քաղաքի Բաբեշ-Բոյայի և Յաշի համալսարանների հետ կապերը, ուսանողների փոխանակման ծրագրերը, հայոց լեզվի դասընթացները Բուխարեստի համալսարանում:

Քննարկվեցին ՀՀ կրթության և գիտության և Ռումինիայի ազգային կրթության նախարարությունների միջև փոխգործակցության խորացման, կրթության ոլորտում ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ընձեռած հնարավորություններից օգտվելու, եվրոպական կրթական տարբեր ծրագրերի շրջանակներում համագործակցելու հեռանկարները:

Scroll Up