«Արցախ. թաքնված գանձեր» խորագրով ցուցահանդես Ստրասբուրգում
Մարտի 13-ից 15-ը Ստրասբուրգի կենտրոնական Կլեբեր հրապարակում տեղակայված «Aubette» սրահում կայացավ Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված «Արցախ. թաքնված գանձեր» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության եւ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հետ համատեղ:
Այն Ստրասբուրգում Արցախին նվիրված առաջին միջոցառումն էր:
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ լուսանկարները հանդիսատեսին են ներկայացնում արցախցիների առօրյան, Արցախի հարուստ բնաշխարհը, պատմական և մշակութային ժառանգությունը։
Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով, կարեւորելով միջոցառման նշանակությունը, մասնավորապես, նշեց․ «Ցուցադրվող լուսանկարներում դուք կտեսնեք ոչ միայն պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան վայրեր, այլ նաեւ հասարակ մարդկանց` լի կյանքով ու ապագայի հանդեպ հավատով: Հենց այդ ապագան երաշխավորելու նպատակով էր, որ սկսվեց Արցախյան շարժումը, որի 30-ամյակն ենք նշում այս տարի եւ որի շրջանակներում էլ ծնվեց նման ցուցահանդեսի գաղափարը»:
ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ Արցախը ոչ միայն հայկական իրականության, մշակույթի եւ կրոնի, այլեւ քաղաքակիրթ ողջ աշխարհի կողմից որդեգրած համամարդկային արժեքների կրողն է։ Եվ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը միաբան են՝ աջակցելու եւ սատարելու Արցախի մեր հայրենակիցներին եւ պաշտպանելու նրանց հիմնարար իրավունքները եւ ազատությունները։
Դեսպան Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց, որ Արցախին նվիրված ցուցահանդեսը կազմակերպվում է Ստրասբուրգում՝ մարդու իրավունքների պաշտպանության առաջնորդող կազմակերպությունը` Եվրոպայի խորհուրդը հյուրընկալող քաղաքում, եւ եզրափակեց, որ նման միջոցառումներն առիթ են ծառայում հերթական անգամ վերահաստատելու այդ հարցում մեր վճռականությունը։
Հանդիսությանը ներկա էին Ֆրանսիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ԵԽ-ում ՀՀ դեսպան Պարույր Հովհաննիսյանը, քաղաքային խորհրդի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների և հասարարկական կազմակերպություների, հայ համայնքի ներկայացուցիչներ: