Համահայկական թելադրություն.ժամանց գրագետ խոսքը խթանելու նպատակով
20-ամյա Հայարփին վերջին օրերին երեկոյան ազատ ժամանակը հատկացնում է հայերենի քերականությունը կրկնելուն։ Հայոց լեզվի շտեմարանը և ուղղագրությանն ու կետադրությանը վերաբերող գրքերը, որոնցով ժամանակին պատրաստվել է միասնական քննությանը, նորից նրա սեղանին են։ Այս անգամ, սակայն, պատճառը ոչ թե քննությունն է, այլ թելադրությունը։ «Քույրս ասաց, որ նման նախաձեռնություն կա։ Ոգևորվեցի ու որոշեցի գրանցվել։ Շատ եմ ուզում տեսնել, թե հիմա ինչպես կգրեմ, ինչ սխալներ կանեմ։ Բայց հույս ունեմ, որ սխալներ չեմ անի»,- ժպտալով ասում է նա։ Վարդուհին էլ, որը նույնպես մասնակցելու է թելադրությանը, նշում է, որ հաճելի ժամանցի համար է միացել նախաձեռնությանը։ «Երբ կարդացի նախաձեռնության մասին՝ դպրոցական տարիներս հիշեցի, երբ իմ սիրելի ուսուցիչը հանդիսավոր կերպով թելադրում էր, մենք էլ` համակ ուշադրությամբ գրում։ Ուզում եմ այդ զգացողությունները վերապրել։ Բացի այդ, այնքան վաղուց թղթի վրա գրիչով որևէ բան չեմ գրել, կարոտել եմ ձեռքով գրելուն»,- ասում է նա։ Մարտի 17-ին Մոսկվայում, իսկ մարտի 18-ին Երևանում՝ 4 հարթակներում, Դիլիջանում, Գյումրիում և հնարավոր է նաև Ստեփանակերտում տեղի կունենա համահայկական թելադրություն։ Հարյուրավոր մարդիկ կհավաքվեն, կգրեն թելադրություն, իսկ հաջորդող երկու շաբաթների ընթացքում կտեղեկանան իրենց գնահատականի և թույլ տված սխալների մասին։ Գնահատականներն անհատապես կուղարկվեն յուրաքանչյուրին, գործընթացն էլ անանուն կլինի, այնպես որ՝ յուրաքանչյուր ոք միայն ինքը կիմանա իր սխալների մասին։
Փոխարենը հաճախ հանդիպող սխալները կքննարկվեն համացանցում, բնականաբար, էլի առանց անունների։ Թելադրության նախաձեռնողները մի խումբ երիտասարդներ են։ Կազմակերպիչներից Հայկ Դավեյանը պատմում է, որ ընկերներով քննարկման ժամանակ եզրակացրել են, որ հայերենի գրագիտությունը խնդրահարույց է դարձել, գրագետ հայերենի պակաս կա և որոշել են ուշադրություն հրավիրել խնդրի վրա։ «Ինքս վերջերս շատ եմ շփվում մանկավարժների հետ ու հաճախ եմ լսում, որ երեխաները գրելիս տրանսլիտի տառադարձմամբ են գրում, օրինակ՝ դզուկ, կամ հայերեն բառերում մոռանում են ու լատինական տառեր են կիրառում»,- ասում է նա՝ հավելելով, որ համահայկական թելադրությունը խորհրդանշական ակցիա է, որը հնարավորություն կտա մարդկանց ուշադրությունը հրավիրելու լեզվական գրագիտության խնդիրների վրա, որպեսզի քննարկվի գրագետ գրելու և խոսելու անհրաժեշտությունը, մարդիկ որևէ բան ասելուց կամ գրելուց առաջ մտածեն ճիշտ ձևակերպման ու շարադրանքի մասին։ Հայկը նշում է, որ թելադրություն գրելու նախաձեռնության նպատակները մի քանիսն են. «Եթե Հայաստանում խնդիր է գրագետ գրելը, ապա Սփյուռքում խնդիր է ընդհանրապես հայերեն գրելը։ Հետևաբար մենք սրանով ուզում ենք նաև Սփյուռքի հայերի ուշադրությունը հրավիրել հայոց լեզվի պահպանման խնդրի վրա»։ Հայկը նաև նշում է, որ հարցը խորությամբ ուսումնասիրելու դեպքում պարզ է դառնում, որ լատինատառի պատճառով հայոց լեզվի պահպանության խնդիր է առաջացել անգամ Հայաստանում։ «Ուզում ենք, որ նախաձեռնությունը լինի ամենամյա և հնարավորինս տարածվի, այդ թվում և Սփյուռքի հայկական գաղթօջախներում,- ասում է նա։- Մեր հեռահար նպատակն է խթանել հայոց լեզվով խոսելը և գրելը Սփյուռքում և մայրենին գրագետ կիրառելը Հայաստանում»:
Հայկը նշում է, որ թելադրությունը մարդու գրագիտության գնահատման միակ գործիքը չէ, սակայն այն հնարավորություն կտա յուրաքանչյուր մարդու պատկերացում կազմելու լեզվի իմացության իր ուժեղ և թույլ կողմերի մասին, ինչը նրան իր վրա աշխատելու, խոսելուց կամ գրելուց առաջ ճիշտ տարբերակի մասին մտածելու խթան կլինի: «Սա դիտարկում ենք որպես ակցիայի մաս և զվարճանք, որը հնարավորություն կտա ուշադրություն հրավիրելու խորը և կարևոր խնդիրների վրա»,- ասում է Հայկը։ Անդրադառնալով նախաձեռնության արձագանքներին` Հայկը նշում է, որ առաջին տարվա համար ակնկալում են մինչև 700 մասնակից ունենալ: Նշում է` մարդիկ կան, որոնք խուսափում են թելադրություն գրելուց` վախենալով իրենց գրավոր աշխատանքի որակից. «Մենք այդպիսի մարդկանց տեղեկացնում ենք, որ անանուն է լինելու և որևէ մեկը չի իմանալու իրենց գնահատականի մասին: Եթե ինչ-որ բան լավ չենք անում՝ պետք է իմանանք այդ մասին ու կարողանանք փոխել: Նույնն էլ՝ այս պարագայում: Թելադրությունը լեզվի տոն է, վախենալու ոչինչ չկա»: Հարցին, թե ինչ կլինի, եթե համընդհանուր վատ ցուցանիշ արձանագրվի, Հայկը նշում է, որ այդ պարագայում պատասխանատու կառույցները ստիպված կլինեն հաշվի նստել այդ ցուցանիշների հետ: Ուշագրավ է, որ գրանցվածների թվում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները: Տարիքային առումով գերակշռում են 25-35 տարեկան մասնակիցները: Ներկայումս գրանցված ամենաերիտասարդ մասնակիցը 10 տարեկան է, իսկ ամենատարեցը` 63: Մասնակիցների գրանցումը դեռևս շարունակվում է: Կազմակերպիչները նշում են, որ պատրաստ են թելադրություն գրելու հնարավորություն տալ անգամ այն մարդկանց, որոնք առանց նախապես գրանցման, վերջին պահին կորոշեն փորձել մայրենիի իմացության իրենց մակարդակը` այցելելով թելադրություն գրելու սահմանված վայրերից մեկը:
Լուսանկարը՝ նախաձեռնության կայքից
Ankakh.com