Կանանց միջազգային տոնի առթիվ Փարիզում բացվելու է Զապել Եսայանի անվան ծառուղի

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կբացի Զապել Եսայանի անվան ծառուղին:

Զապել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Ծառուղու բացման արարողությանը ներկա են գտնվելու նաև Ֆրանկոֆոնիայի և միջազգային համագործակցության հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ և 11-րդ թաղամասների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան և Ֆրանսուա Վոլինը:

Ծառուղին տեղակայված է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում, որտեղ ավարտվում են Թլեմքեն և Սպինոզա փողոցները և մեկնարկում է Հանրապետության պողոտան:

Պոլսահայ Զապել Եսայանը նախկին դարասկզբի անվանի հայ գրող, հրապարակախոս և թարգմանիչ է: Նա հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ։ Հայ գրականության մեջ բարձրացրել է կնոջ դերին առնչվող հարցեր:

Scroll Up