Վալանսի հայկական մշակույթի տանը նշվել է Մայրենիի օրը

Փետրվարի 21-ը Մայրենիի Օրն Է։
Վալանսի հայկական մշակույթի տանը հիմնավերանորոգման հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, սակայն դա չխանգարեց, որ Մանուկների հայկական մշակույթի արվեստանոցի խմբակի պատասխանատու, մշակույթի տան վարչության անդամ Ռոզին Սարիանը աշխատակիցներ Սոնա Ջանազյանի, Անահիտ Մկրտչյանի, Լիզա Սարիանի և Ջուլիա Քիզիրիանի հետ մշակեն հետաքրքիր ծրագիր ընթացիկ շաբաթվա համար։ Չէ՞որ դպրոցներում սկսվել է հերթական արձակուրդը, իսկ դա նշանակում է, որ այդ ընթացքում իրենց հաստատությունն առավել արդյունավետ պիտի գործի։ Այս մասին «Հայերն այսօր»-ին տեղեկացնում է ՀՄՏ վարչության անդամ Սուսան Փահլևանյանը:
Իսկ ծրագիրն ինչպես միշտ, հետաքրքիր էր ու բազմազան։
Այն ներառում էր նկարչության դասընթաց, որ պիտի վարեր Ժիղոմ Բոյաջիանը, հրուշակեղենների պատրաստում՝ Արմինե Ռաստքելենիանի ղեկավարությամբ, ծանոթացում երաժշտական գործիքներին՝ դուդուկ և դաշնամուր՝ Քրիստ Բեկոյի և Գայանե Բեկոյի աջակցությամբ, ինչպես նաև երգեր, պարեր և խաղեր։ Մասնակցելու էին 5-11 տարեկան 30 մանուկներ։ Որպեսզի հերթական ծրագիրը կյանքի կոչվի՝ ՀՄՏ -ի ատենապետ Նազօ Ճինպաշիանը նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերել Բուրգ Լե Վալանսի Ժան Մուլինի տնօրեն Ժոզեֆ Ֆերնանդեսի հետ՝ սրահը և տարածքը տրամադրելու վերաբերյալ։ Ուրախ էին և՛ ծնողները, և՛ մանուկները, և աշխատակազմը. հայ մանուկների առօրյան կրկին հագեցած և բովանդակալից պիտի անցնի, և քանի որ միջոցառումը համընկնում է փետրվարի 21-ի՝ ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐՎԱՆ, բազմաբովանդակ ծրագիրը հուշում էր՝ ծեփել, նկարել, քանդակել, խմորից պատրաստել հայերեն տառերի նմուշներ։
Իսկ ուրբաթ օրը՝ փետրվարի 23-ին տեղի ունեցավ Մայրենիի օրվա հիմնական միջոցառումը։ Լեփ -լեցուն էր Բուրգ Լե Վալանսի Ժան Մուլինի սրահը։ Ներկաները դիտեցին փոքրիկ հանդես։ Մայրենի լեզվին նվիրված քաղցրածոր երգը, ասմունքն ու պարը ջերմ ու հուզիչ մթնոլոտ էին ստեղծել, իսկ ձեռքի աշխատանքների անկյունում հպարտ բազմել էին Մեսրոպյան գրերը։ Ցուցադրված տեսաժապավենը պատմում էր յուրաքանչյուր օրվա անցուդարձի մասին։ Գոհ էր նաև կենտրոնի տնօրենը, և երբ Նազօ Ճինպաշիանը շնորհակալություն հայտնեց նրան տարածքը տրամադրելու համար, նա ասաց, որ ուրախ է աջակցել այսօրինակ հետաքրքիր նախաձեռնություններին։ ՀՄՏ ատենապետ Նազօ Ճինպաշիանին ուղղված երախտագիտության և դրվատանքի խոսքեր ասացին նաև ծնողները, ովքեր նռեցին, որ բարձր են գնահատում ուսանելի այս ծրագրի ստեղծումը, ՀՄՏ-ում մանուկների հայեցի դաստիարակության իրականացումը, հայ երեխաներին ազգային ավանդույթներին, հայոց բառ ու բանին, հայկական արվեստին ու մշակույթին ծանոթացնելու վեհ ու հայրենանվեր գործը։