Գետավանը նոր համայնքային կենտրոն կունենա

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվող Մարտակերտի շրջանի Գետավան գյուղի համայնքային կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են:

Այս մասին «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ասել է Գետավանի համայնքի ղեկավար Արարատ Զաքարյանն՝ ավելացնելով, որ շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2015 թվականին:

«Կառույցը երկհարկանի բազմաֆունկցիոնալ շինություն է, որն իր մեջ ներառում է գյուղապետարան, հանդիսությունների դահլիճ, գրադարան, համակարգչային սենյակ, նախասրահ: Շենքը կահավորվել է և ունի ջեռուցման ու օդափոխության համակարգ»,- նշել է Ա. Զաքարյանը և ընդգծել, որ նման կենտրոնների կառուցումը ոչ միայն անդրադառնում է գյուղի մի շարք խնդիրների լուծմանը, այլև՝ ապահովում արդյունավետ ու համակարգված գործունեությունը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ 400 բնակիչ ունեցող  Գետավանի գյուղապետարանը տեղակայված է դպրոցի դասասենյակներից մեկում:

«2017-2018 ուսումնական տարում դպրոցն ունի 88 աշակերտ, նախադպրոցական տարիքի երեխաների թիվը կազմում է 63: Գյուղում, սակայն, մանկապարտեզ չկա: Համայնքային կենտրոնի շահագործումից հետո դպրոցական շենքի սենյակների մի մասը նախատեսվում է օգտագործել որպես մանկապարտեզ»,- ասել է Ա. Զաքարյանը:

 

Scroll Up