2010 թվականի արդյունքները. Հայաստանի քաղաքական կյանքի գլխավոր իրադարձությունները

2010 թվականը բավականին հագեցած էր Հայաստանի համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում:

2010 թվականը բավականին հագեցած էր Հայաստանի համար ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում: 2010-ին ԶԼՄ-ների և հայ հանրության ուշադրության կենտրոնում էին մնում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները, ինչպես նաև կադրային փոփոխությունները երկրի կառավարությունում: «Հայերն այսօր»-ը ներկայացնում է 2010 թվականի ամենավառ քաղաքական իրադարձությունները:

Հունվարի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչեց, որ 2009թ. Ցյուրիխում ստորագրված Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին և երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Անկախության մասին հռչակագրին: Պաշտոնական Անկարան հայտարարել է, որ ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ ու դրույթներ է պարունակում, որոնք խախտում են արձանագրությունների տառն ու ոգին: Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ եթե Հայաստանի ՍԴ-ն չվերանայի իր որոշումը, ապա բանակցային գործընթացը Հայաստանի հետ փակուղի կմտնի: Ավելի ուշ, ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կասեցրեց Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը Աժ-ում: Սակայն, պաշտոնական Երևանը որոշեց ետ չկանչել արձանագրությունների տակ դրված ստորագրությունը:

Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն 23 «կողմ» և 22 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց 252 բանաձևը Հայոց ցեղասպանության մասին: 252 բանաձևը ներկայացրել էին կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը:

Մարտի 11-ը նշանավորվեց Շվեդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմամբ: Խորհրդարանը 131 «կողմ» և 130 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց համապատասխան բանաձևը:

Հունիսի 28-ին կանադական Մուսկոկայում ՌԴ, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները համատաեղ հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահները կոչ արեցին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին արագացնել աշխատանքը հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա, որպեսզի ձեռնամուխ լինեն խաղաղ պայմանագրի մշակմանը:

Հուլիսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարածաշրջանային այցով եղավ Հայաստանում: Օրակարգի հիմնական հարցերն էին հայ-ամերիկյան հարաբերությունները, հայ-թուրքական կարգավորումն ու ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները: Հուլիսի 5-ին Քլինթոնն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

Հուլիսի 19-ին մեկնարկեցին ՀՀ և ԵՄ միջև ասոցիատիվ համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները: Իսկ օգոստոսի 19-ին պետական այցով Երևան ժամանեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը: Տեղի ունեցավ նաև ՀԱՊԿ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպում: Նույն օրերին Երևանում ստորագրվեց ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը մինչև 2044թ. երկարացնելու մասին արձանագրությունը:
Դեկտեմբերի 1-2-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՀԿ գագաթնաժողով, որին ներկա էր նաև ՀՀ նախագահը: Գագաթնաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարներն, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համատեղ հայտարարություն ընդունեցին ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ-ում պետք է տեղի ունենար ՀՀ կողմից Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ օրինագծի քվեարկությունը: Կոալիցիոն ուժերը չմասնակցեցին քվեարկությանը, քվորումի բացակայության պատճառով քվեարկությունը չկայացավ:

Scroll Up