Մատաղիսում վերաբացվել է «Ղարաբաղ Տելեկոմ»-ի սպասարկման կենտրոնը

 Մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Մատաղիս համայնքում վերաբացվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սպասարկման կենտրոնը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մատաղիսի համայնքի ղեկավար Զավեն Ավանեսյանն ասել է, որ բավականին մեծ անհրաժեշտություն կար համայնքում  ունենալու սպասարկման կենտրոն:

«Այն հնարավորություն է տալիս համայնքի բնակիչներին հեռախոսի կապ ապահովելու համար Մարտակերտի շրջկենտրոն չայցելել: Բացի դրանից, սպասարկման կենտրոնի միջոցով հնարավոր է լինելու լուծել նաև ինտերնետ-կապի խնդիրը: Մոտ 4-5 տարի է, ինչ գյուղն ապահովված է ինտերնետ-կապով: Ապրիլյան պատերազմի ժամանակ սպասարկման կետը ենթարկվել էր հրետակոծության»,- նշել է Զ. Ավանեսյանը՝ հավելելով, որ ներկայումս գյուղի մեծամասնությունն ունի ինտերնետ-կապի հնարավորություն:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության Մարտակերտի մասնաճյուղի տնօրեն Սամվել Սարգսյաննէլ  ասել է, որ 2016 թվականի ապրիլին վնասված սպասարկման կենտրոնի նույն տեղում այսօր արդեն վերաբացվել է ավելի ամուր հիմքերով նոր գրասենյակ:

«Հիմնական կառույցը ծառայելու է Մատաղիսին և շրջակա համայնքներին, այդ թվում՝ Թալիշի բնակչությանը: Մարտակերտի շրջանի Դրմբոն, Վանք, Հաթերք, Ճանկաթաղ համայնքներում ևս ունենք սպասարկման կետեր: Այս տարվա ծրագրում ընդգրկված է նաև, Դրմբոնի համար առանձին գրասենյակ ունենալը: Բացի այդ, նախատեսվում է տերմինալներ տեղադրել մի շարք համայնքներում»,- նշել է Ս. Սարգսյանն՝ ավելացնելով, որ շրջանի Ճանկաթաղ, Վարդաձոր համայնքներում արդեն կան տերմինալներ, որոնց միջոցով բաժանորդները կատարում են անհրաժեշտ վճարումներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Մատաղիսի պետական մանկապարտեզի սաները: «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության աշխատակիցների կողմից նվերներ են հանձնվել սպասարկման կենտրոնի, մանկապարտեզի աշխատակիցներին, ինչպես նաև կենտրոնի ծառայություններից օգտվող առաջին բաժանորդներին:

Scroll Up