Միջոցառում՝ նվիրված Մայրենիի օրվան
Ինչպես տեղեկացնում է «Հայերն այսօր»-ը, փետրվարի 25-ին Սանկտ-Պետերբուրգի Հայ Առաքելական Եկեղեցու Լազարյանների անվան Հայորդաց տանը տեղի ունեցավ «Իմ մայր լեզուն հայերենն է» խորագրով միջոցառումը։ Միջոցառման մասնակիցները 4-6 տարեկան երեխաներն էին, ովքեր սովորում են նախապատրաստական դասարանում։ Հայերենը փոքրիկների շուրթերից այնպես էր հնչում, որ, կարծես, նրանք փորձում էին ապացուցել՝ քաղցրաբառ հայոց լեզուն գեղեցիկներից մեկն է աշխարհում։
Միջոցառման կազմակերպիչը վաստակաշատ մանկավարժ Սուսաննա Գաբրիելյանն է: «Նրանց հետ աշխատելը իմ տարերքն է։ Բազմիցս ասել եմ և նորից ասում եմ, որ մանկավարժ ծնվում են, չեն դառնում։ Իմ ամենամեծ կոչումը և կյանքի իմաստը մանկավարժի կոչումն է»,-իր խոսքում նշել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալին արժանացած Սուսաննա Գաբրիելյանը: