«Մեր քաղցրաբառ հայոց լեզուն». Մայրենիին նվիրված երեկո Սարատովում

«Ուր որ հայրենի երգեր կլսվի՝ հոն հայրենիքը ողջ է…» Ղևոնդ Ալիշան

Փետրվարի 18-ին Սարատովի Ազգային մշակույթների քաղաքային տան հանդիսասրահում հնչում էին հայրենի երգեր` հայերենով։  Տեղի էր ունենում «Մեր քաղցրաբառ հայոց լեզուն» խորագրով գրական-երաժշտական երեկոն՝ նվիրված հայոց լեզվին։ Այն կազմակերպել էր հայ համայնքի Հայոց լեզվի, գրականության, հայ ժողովրդի պատմության և էթնոմշակութային արժեքների ուսումնասիրման ստուդիայի  «Կռունկ» երիտասարդական թատրոնը։

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Նունե Բարեղամյանը, ծրագրում հնչեցին Վահագն Դավթյանի, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Մուշեղ Իշխանի, Ստեփանոս Նազարյանի, Ջիվանու, Խաչիկ Դաշտենցի,Պարույր Սևակի, Համո Սահյանի, Նաիրի Զարյանի, Հովհաննես Թումանյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի ստեղծագործությունները՝ ձոնված Մայրենին, որոնք հնչում էին Կոմիտասի, Բաբաջանյանի, Շոպենի, Խաչատրյանի ստեղծագործությունների դաշնամուրային նվագակցմամբ։

Երեկոյի պատվավոր հյուրերը՝ Ազգային մշակույթների քաղաքային տան փոխտնօրեն Մարինա Բոկարևան և բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դանիիլ Պուչինյանն իրենց խոսքում նշեցին  միջոցառման կարևորությունն ու նշանակությունը, գրական  անմահ արժեքների  ներկայացման ձևի խորությունն ու մայրենիին տիրապետելու անհրաժեշտությունը։

Հանդիսատեսը հուզվում ու հիանում էր՝ լսելով սիրելի և հոգեհարազատ տեղծագործությունները, քանի որ. «Հայ լեզուն, տունն է հայուն, աշխարհիս չորս ծագերուն, ուր կը մտնե ամեն հայ՝ իբրև տանտեր հարազատ…» (Մ. Իշխան)։

Երեկոյի ավարտին միջոցառման մասնակիցները երդվեցին պահել ու պահպանել մայրենի լեզուն. «Ի՛մ քաղցր լեզու, ի՛մ մայրենի, երդվում եմ պահել ու պահպանել քեզ իմ մեջ, իմ սրտում, իմ ընտանիքում։ Երդվու՛մ եմ։ Երդվու՛մ եմ քեզ տանել ինձ հետ, իմ կյանքի ճանապարհով և բարձր պահել քեզ ՝ որպես ուղիս լուսավորող անշեջ հուր-կրակ։ Երդվու՛մ եմ։

Երդվում եմ քեզանով լուսավորել իմ ներկան ու ապագան և փոխանցել իմ սերունդներին։   Երդվու՛մ եմ։»

Երեկոյի գլխավոր հերոսը Սուրբ Մաշտոցն էր, որն իր ստեղծած հրաշք այբուբենով ուղղորդեց հայ ժողովրդին դեպի հավերժություն:

Հանդիսատեսը, որպես հարատև աշակերտ, հոտնկայս խոնարհմամբ իր երախտիքը հայտնեց  հարատև ուսուցչին՝ անմահ գործի համար։

Միջոցառման մասնակիցներն էին շնորհաշատ՝ Նելլի, Մերի և Սիփան Մխիթարյանները, Կարեն Շաքարյանը, Արթուր Գրիգորյանը, Սոֆի Գասպարյանը, Ռիմա Պետրոսյանը,Ալբերտ Ստեփանյանը, Անդրանիկ Չիլինգարյանը, Ծովինար Գրիգորյանը, Նաիրա Սրապիոնյանը, Սվետա Սրապիոնյանը և տաղանդավոր դաշնակահար Տիգրան Գասպարյանը։

Երեկոն իսկական ձոն էր՝ նվիված Մայրենիին։

Scroll Up