Շվեդիայի հայկական բարեգործական կազմակերպությունն ամփոփել է Հայաստանին ցուցաբերած օժանդակության արդյունքները
Շվեդիայի Սյոդերթելյե քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն կից մեծ սրահում փետրվար 17-ին տեղի է ունեցել Շվեդիայում գործող «Շտապ օգնություն Հայաստանին» բարեգործական կազմակերպության 2017 թվականի կատարած աշխատանքների վերաբերյալ նկարահանված հաշվետու ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ֆիլմի հեղինակները, ներկաներին օրհնել և ողջույնի խոսք է ասել Արժանապատիվ Տեր Վաղարշ քահանա Իսախանյանը՝ բարձր գնահատելով կազմակերպության անդամների ծավալած աստվածահաճո գործունեությունը:
«Շտապ օգնություն Հայաստանին» բարեգործական կազմակերպության ատենապետ Լորանս Շարոյանը և նախկին փոխատենապետ Կարեն Հարությունյանը վստահեցրել են, որ հետագայում անպայման շարունակելու են Հայաստանում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելու առաքելությունը: Այնուհետև ֆիլմի միջոցով ցուցադրել են այդ ընտանիքներին ցուցաբերված մարդասիրական աջակցությունը, որը հիմնականում բաղկացած է եղել սննդից, հագուստից, դեղորայքից, խաղալիքներից, գյուղատնտեսական սարքավորումներից, կարի մեքենայից և այլ պարագաներից: Հանապազօրյա հաց վաստակելու համար որոշ ընտանիքների տրվել են կովեր ու հավեր:
Ավարտին Լորանս Շարոյանն ու Կարեն Հարությունյանը կազմակերպության անդամների անունից շնորհակալություն են հայտնել ֆիլմի ցուցադրության մասնակիցներին, նվիրատուներին՝ իրենց խոսքում շեշտելով այն փաստը, որ միասնականության շնորհիվ կարողացել են նեցուկ լինել կարիքավոր ընտանիքներին և նրանց կյանքը հույսով լցնել:
Միջոցառման վերջում հնչել են առաջարկներ, կատարվել են նվիրատվություններ: