Նիցցա-Մարսել. մշակութային մի նոր կամուրջ 

Բարև ծանոթ ու անծանոթ իմ բարեկամ:

Ուզում եմ պատմել Ֆրանսիայի հարավում գտնվող մի գողտրիկ քաղաքում՝ Նիցայում ապրող հայկական փոքրիկ ընտանիքի մասին, որը կոչվում է «Ալիանս» համահայկական միություն: Այն հիմնադրվել է 2011թ.-ին և իր հարկի տակ է համախմբել տարբեր երկրներից և տարբեր ճակատագրով այստեղ ժամանած հայերին: «Ալինաս»-ը ընդամենը 7 տարեկան է, սակայն երբ թերթում ենք նրա պատմության էջերը, այն հարուստ է իր բովանդակությամբ, կենսագրությամբ: Նրա մեջ այնքան հայրենասիրություն կա, որ ակամայից մոռանում ես, որ օտարության մեջ ես:

Միության երկօրյա վարժարանում հայ մանուկները այցելում են հայերենի ուսուցման, շախմատի, ասեղնագործության և թատրոնի խմբակներ: Յուրաքանչյուր պատեհ առիթ այստեղ վեր է ածվում տոնական մթնոլորտի, և մենք՝ ծնողներս, նրանց հետ ապրում ենք այդ ուրախությունը՝ մի պահ կտրվելով առօրյա հոգսերից:

Վերջերս էլ, Թումանյանական օրերի շրջանակներում, մեր փոքրիկ դերասանները բեմադրեցին «Կիկոսի մահ»-ը: Բայց ի՞նչ Կիկոս՝ ժամանակակից Կիկոս, թումանյանական բարբառով: Լուրը հասավ Մարսել քաղաք ու մեր փոքրիկ հերոսները Մարսելի համազգային դպրոցից հրավեր ստացան՝ հյուրախաղով հանդես գալու տեղի «Կիլիկիա» պարային համույթի հետ: Բոլորս սրտի տրոփյունով էինք սպասում այդ օրվան:

2018թ. փետրվարի 3, ձմեռային, բայց արևոտ մի լուսաբաց: Ճանապարհվեցինք դեպի Մարսել: Հայկական երգն ու պարը ուրախ տրամադրությամբ վարակեց նաև ավտոբուսի օտարերկրյա ուղևորներին: Կայարանում մեզ արդեն սպասում էին մարսելահայերն այնպիսի ջերմ ընդունելությամբ, որ մի ակնթարթ թվաց, թե Հայաստանի օդանավակայանում էինք: Իսկ երբ հասանք դպրոց, մի պահ քարացանք և բոլորիս աչքերը լցվեցին արցունքներով՝ հպարտության և բերկրանքի արցունքներով: Դպրոցը կառուցված էր ճիշտ հայկական ոճով, լցված հայ ազգային շնչով: Պատերին փակցված էին մեր Հայոց այբուբենը, մեր Մասիս սարն ու մեր Արաքս գետը և, իհարկե, մեր հանճարների լուսանկարները:

Այդ ամենը տեսնելով՝ մեկ անգամ ևս համոզվում, ուժ ես ստանում՝ ակնկալելով, որ հայն աշխարհի որ անկյունում էլ բույն դնի, երբեք չի մոռանա իր լեզուն, իր գիրն ու սրբությունները: Եվ, իհարկե, չես կարող չխոնարհվել բոլոր այն բարեգործների, նախաձեռնողների, կամավորների առջև, որոնց ներդրման շնորհիվ կառուցվել և դեռ կառուցվում են հայկական կրթօջախներ, մշակութային կենտրոններ:

Եվ ահա մեր փոքրիկ դերասանները բեմի վրա են. հայկական թատրոնի պրոֆեսիոնալ բեմի լույսերի նեքո… Կարծես երազ լիներ այդ ամենը, բայց նաև իրականություն: Մեր փոքրիկները իրենց ոգևորվածությամբ և լրջությամբ հանդիսատեսին իրապես տեղափոխեցին Հայաստան՝ Լոռի, և Կիկոսը կրկին մի նոր շնչով դրոշմվեց մեր հիշողության մեջ:

Դահլիճի ծիծաղն ու բուռն ծափահաությունները հաստատեցին ներկայացման հաջողությունը: Գոհ էին  նաև կազմակերպիչները, քանզի ստեղծվեց մի նոր կամուրջ Նիցցայի և Մարսելի 2 մշակութային կենտրոնների միջև, 2 քաղաքների հայկական համույթների միջև:

Մեր խորին շնորհակալությունը Նիցցայի «Ալիանս» համահայկական միության թատրոնի ուսուցիչներ՝ Էմմա Պետրոսյանին և Արգիշտի Արսենյանին, իրենց անշահախնդիր նվիրման և եռանդի, մեր երեխաներին դերասանական արվեստին և հայ մշակույթին ծանոթացնելու համար:

Մեծ տպավորություններով և վառ հիշողություններով վերադարձանք, ոգեշնչված, որ պիտի շարունակենք շրջագայություններն ուրիշ քաղաքներ: Մեծ ակնկալիքով պիտի մի օր հասնենք նաև մեր հայրենիք՝ Հայաստան.

…Թե չես եղել Հայաստանում

Հային թե չես հյուրընկալվել

Բաճկոն հագիր, ճամփա ելիր,

Հին հոգսերդ թող քո տանը,

Երազներիդ նոր շունչ կտա,

Երազ երկիր Հայաստանը:

Լիլիթ Սևոյան

«Ալիանս» համահայկական միություն

Աղբյուրը՝ «Հայերն այսօր»


Scroll Up