Հայկ Դեմոյան. Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը

Պատմության ընթացքում առնվազն երեք անգամ Թուրքիան փորձել և մինչ օրս փորձում է իրականացնել ցեղասպանական գործողություններ` Ղարաբաղի հայ բնակչության լիակատար բնաջնջման կամ բռնագաղթի ուղղությամբ:

Այս մասին ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի «Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը» հոդվածում: Ըստ նրա, Հայաստանին նախապայմաններ առաջադրելու Թուրքիայի ներկայիս դիրքորոշումը, ներառյալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում ճնշումներ գործադրելու քաղաքականությունը և Հայաստանից ցանկալի զիջումներ ստանալու ձգտումը, պատմական համատեքստի տեսանկյունից շատ արդիական է թվում և հղումները պատմական փաստերին, այս տեսանկյունից օգնում են լույս սփռել Ղարաբաղյան հարցի շուրջ «թուրքական ռազմավարության» ակունքների վրա:

Անդրադառնալով Թուրքիայի ցեղասպանական առաջին փորձին՝ Հայկ Դեմոյանը գրում է. «Օսմանյան կայսրության սահմանների ընդլայնումը Կովկասի ուղղությամբ սկսվեց տասնվեցերորդ դարից: Թուրքական զորքերը դեպի Կասպից ծովի ափերը տանող ճանապարհին բազմիցս բախվեցին Արցախի (Ղարաբաղի) հայերի համառ դիմադրությանը և բազմիցս պարտություն կրեցին արցախահայերի կազմակերպված դիմադրությունից: 1725 թվականին սուլթան Ահմեդ III-ը (1703-1730) հայերին բնաջնջելու հատուկ ֆեթվա (հրաման) արձակեց օսմանցիներին հաջող դիմադրություն կազմակերպած հայերի դեմ՝ հրամայելով սպանել բոլորին` մեղադրելով ռուսներին Կովկաս բերելու և օսմանցիների մուտքը դեպի Բաքու շրջափակելու համար: Ղարաբաղում հայերի կողմից գերի վերցված Սալեհ փաշայի վկայությունները խոսուն փաստ է դնում թուրքական սուլթանի` Ղարաբաղի հայերին գլխովին բնաջնջելու նպատակադրության մասին: Սալեհ փաշան խոստովանում է. «Սուլթանը հրամայել է բնաջնջել հայերին և ղզլբաշներին (շիաներ – Հ.Դ.), քանի որ ռուսաց ցարի զորքերը զավթել են Կասպից ծովի այդ ափը և մենք ստիպված ենք հարձակվել նրանց վրա: Մենք պետք է հեռացնենք հայերին, ովքեր կարծես սեպ լինեն մեր միջև: Մենք պետք է ոչնչացնենք մեր ուղու վրա հայտնված ցանկացած խոչընդոտ և բացենք ճանապարհը: Չլինեիք դուք` հայերդ, մենք վաղուց արդեն ոտք դրած կլինեինք հնուց ի վեր մեզ պատկանող Դերբենտ և Բաքու»: 18-րդ դարի այս փաստաթղթում մենք տեսնում ենք հայերի հանդեպ թրքական մոտեցման ծագումնաբանությունը, որոնց հետագայում Թուրքիան կմեղադրվի Ստամբուլի և թրքական Արևելքի միջև անմիջական կապը խափանելու մեջ: Կորցնելով հազարավոր զինվորներ և փաշաներ` ձախողվեց Ղարաբաղը միացնելու և օսմանյան ուժերն այնտեղ տեղավորելու սուլթանի և նրա դաշնակիցների փորձերը: Արցախահայերի դեմ Օսմանյան ցեղասպանության առաջին փորձը հաջողություն չունեցավ, բայց դա դեռ սկիզբն էր…»:

«Ղարաբաղի հայ բնակչության ոչնչացման երկրորդ փորձը տեղի ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օսմանյան զորքերի կովկասյան տարածաշրջան ներխուժելուց հետո, երբ թրքական աջակցությամբ ստեղծվեց արհեստածին մի պետություն, որին երիտթուրքերը կնքեցին «Ադրբեջան» անվամբ: Այն հյուսիսային Իրանի նահանգներից մեկի անունն էր և հեռահար նպատակ կար վերջինս կցել նորաստեղծ Ադրբեջանի հանրապետությանը: Բայց սա թրքական պետություններ ստեղծելու օսմանյան նախագծի միակ օրինակը չէր: Սրան հաջորդեցին «Արազի հանրապետության» և «Հարավ-արևելյան կովկասյան ժողովրդավարական հանրապետության» հռչակումը, որպես քայլ` թրքական էքսպանսիային նպաստելու համար (նմանօրինակ քաղաքականության ժամանակակից օրինակ է 1974 թվականին թուրքական զորքերի ափհանումը Հյուսիսային Կիպրոսում և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության ստեղծումը): Օսմանյան բանակի կովկասյան արշավն ավարտվեց Բաքու քաղաքի գրավումով և 1918 թվականի սեպտեմբերի 15-ին քաղաքում մնացած հայ բնակչության դեմ իրագործված դաժան կոտորածներով: Բաքուն գրավելուց հետո Օսմանյան ուժերը նոր ռազմարշավ սկսեցին, այս անգամ «խաղաղեցնելու» հայաբնակ Ղարաբաղը: Օսմանյան կայսրության ռազմական նախարար Էնվեր փաշան, ով 1915 թվականի Հայոց ցեղասպանության գլխավոր իրագործողներից մեկն էր, հրամայեց իր զարմիկին` Ադրբեջանում թուրքական զորքերի հրամանատար Նուրի փաշային, «մաքրել Ադրբեջանը ռուսներից և հայերից` ապահովելու թուրքական տարածքային շարունակականությունը համար»: Այս հրամանից մեկ շաբաթ անց Թուրքիան ընդունեց իր պարտությունն Առաջին համաշխարհային պատերազմում: Օսմանյան բանակը իր վերջին պարտությունը Առաջին համաշխարհային պատերազ-մում կրեց հենց Ղարաբաղում, երբ դարանակալած հայ գյուղացիները հարձակվեցին Հադրութի շրջանի գյուղերի դեմ պատժիչ արշավ իրականացնող օսմանյան բանակի զորաջոկատի վրա և կոտորեցին մոտ չորս հարյուր թուրք զինվոր: Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և Թուրքիայի նահանջը ձախողեց ցեղասպանության երկրորդ փորձը: Ավելի ուշ, ի հետևանք բոլշևիկյան և քեմալական համաձայնության, 1921 թվականին Ղարաբաղը բռնակցվեց Սովետական Ադրբեջանին»,-գրում է պատմաբանը:

«Չէի ցանկանա պնդել, որ ցեղասպանության երրորդ փորձը Ղարաբաղի հայերի բնաջնջման ուղղակի քաղաքականություն էր Թուրքիայի կողմից, սակայն Անկարայի լիակատար աջակցությունն Ադրբեջանին, վերջինիս կողմից մարդկության դեմ հանցագործութ-յունների իրականացման և հայ բնակչության արտաքսման փորձերը թույլ են տալիս պնդելու, որ Թուրքիան, ուղղակիորեն, ներգրավված էր Ղարաբաղում հայերի դեմ նոր ցեղասպանություն իրագործելու փորձի մեջ: Բավական է միայն ասել, որ թուրքական կանոնա-վոր բանակի հարյուրավոր զինվորներ և սպաներ, ներառյալ տասը գեներալ, ներգրավված էին հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ իրականացվող ռազմական գործողություններում: Կրկին Թուրքիան դարձավ պարտված կողմ, այս անգամ Ադրբեջանի հետ միասին` դառնալով Բաքվի ստորացուցիչ պարտությունների պասիվ դիտորդը»,-գրում է Հայկ Դեմոյանն իր հոդվածում:

Նրա խոսքերով, հիմնվելով վերոհիշյալ փաստերի և արձանագրությունների վրա`կարող ենք պնդել, որ 1. Թուրքիան կանգնած է Ղարաբաղյան հարցի առաջացման հիմքում, երբ ստեղծեց ադրբեջանական պետությունը և փորձեց բռնակցել հայաբնակ տարածքը վերջինիս: 2. Բացահայտորեն աջակցելով Ադրբեջանին` Թուրքիան դարձավ Ղարաբաղյան հիմնախնդրի կողմերից մեկը:

Ըստ պատմաբանի, ղարաբաղյան հիմնահարցում թուրքական միջամտությունն ու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ մղվող պատերազմում Ադրբեջանին ցուցաբերած աջակցությունը Թուրքիային վերածեց ավելի շատ հիմնախնդրի, քան թե դրա հանգուցալուծման մասը: Թուրքիայի ներգրավվածությունը հակամարտության ոլորտում ներառում է հետևյալ բաղադրիչները` ռազմական միջամտության սպառնալիք, զինուժի ցուցադրություն, Հայաստանի նկատմամբ էներգետիկ և տրանսպորտային շրջափակում, ռազմական աջակցութ-յուն Ադրբեջանին, հակահայկական կոալիցիայի ձևավորմանն ու Հայաստանի տեղեկատվական մեկուսացմանն ուղղված նախաձեռնությունների մշակում և իրականացում, միջազգային կազմակերպություններում ադրբեջանական շահերի բարձրաձայնում:

«Մշտական ռազմական սպառնալիքներն ու լարվածություն առաջացնելու փորձերը, Հայաստանին տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության մեջ շրջափակելու փորձերը ուղղակի սպառնալիք ստեղծեցին Հայաստանի և Ղարաբաղի համար: Հենվելով վերոհիշյալ փաստերի վրա, կարող ենք պնդել, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական և ժամանակակից) որոշ առումով Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի սուլթանական, երիտթուրքականների և քեմալականների/հանրապետականների կողմից: Ավելին, Օսմանյան Թուրքիայի կողմից ստեղծված ադրբեջանական պետությունը ժառանգեց ժողովրդա-գրական ինժեներիայի թուրքական կոդը, այսինքն` ցանկացած ազգային կամ փոքրամասնությանը վերաբերող խնդիր բռնի արտաքսման կամ զանգվածային սպանությունների միջոցով լուծելու եղանակը` այսպիսով ճանապարհ հարթելով «անվտանգ և ապահով» ազգային պետության ստեղծման համար: Թուրքիայի և Ադրբեջանի ազգային պետությունները ձևավորվել են ժողովուրդների բնաջնջումների ու բռնաճնշումների արդյունքում, և ապագայում այս հանգամանքները լուրջ հետևանքներ են ունենալու երկու պետությունների համար:

Եռակի ցեղասպանական փորձերը արցախահայության դեմ և Թուրքիայի պարտությունների փաստը պետք է որ պարզ ուղերձ հանդիսանա Անկարայի համար. Թուրքիան պետք է ընդունի հայերի և «Pax Ottomanica»-ի շատ ուրիշ ազգերի դեմ իրագործած ցեղասպանությունները, իսկ սեփական պատմության վերաշարադրումն անհրաժեշտությունը բխում է սեփական պատմության ու հիշողության հետ «զրոյական խնդիրներ» ունենալու հրամայականից, քանզի Realpolitik-ը լուծում չի հանդիսանում երկրի ներկայիս ազգային ու պետական ինքնությունների ճգնաժամերի հաղթահարման համար: Այս պարագայում Թուրքիայի համար այլընտրանք չկա»,-ասվում է Հայկ Դեմոյանի հոդվածում:

Scroll Up