Հինգ հայեր հավակնում են Ռուսաստանի պրոդյուսերների ասոցիացիայի հեղինակավոր մրցանակին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2018/02/10517688.jpg)
Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիան հայտարարել է 2017 եթերային տարվա արդյունքներով VI մրցանակաբաշխության հավակնորդների անունները։
«Լավագույն լիամետրաժ գեղարվեստական» ֆիլմ անվանակարգում ներկայացված է Ռուբեն Դիշդիշյանի «Առիթմիա» ֆիլմը։
«Լավագույն հեռուստաֆիլմ» անվանակարգում ներկայացված է ռուսական Առաջին ալիքի «Նախկիններ չեն լինում» ֆիլմը, որի պրոդյուսերներն են Ռուբեն Դիշդիշյանը, Սերգեյ Դանիելյանն ու Արամ Մովսեսյանը։
«Լավագույն կատակերգական սերիալ» անվանակարգում ներկայացված են ՍՏՍ ալիքի նախագծերը`«Իվանովներ-Իվանովներ» ու «Էլեոն հյուրանոցը», որոնց գլխավոր պրոդյուսերը Էդուարդ Իլոյանն է։
Մրցանակի է հավակնում նաև նկարիչ Մարինա Տեր-Առաքելյանը` ՆՏՎ հեռուստաալիքի «Տառապանքների միջով» սերիալում կատարած աշխատանքի համար։
Ռուսաստանի կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի մրցանակաբաշխությունն իրականացվում է պրոդյուսերների պրոֆեսիոնալ կարծիքի հիման վրա։ Մրցանակաբաշխությունն առանձնացնում է ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնց կատարած աշխատանքը նշանակալի է եղել ռուսական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում։ Մրցանակաբաշխությունն անցկացվում է ամեն տարի` 2013 տարվանից սկսած։
VI մրցանակաբաշխությունը կայանալու է մարտի 15-ին, գրում է armeniasputnik.am-ը։