ԱՄՆ մայրաքաղաքի կենտրոնում կներկայացվի հայկական մշակույթը
Վաշինգտոնում այս ամռանը տեղացիներն ու հարյուր հազարավոր զբոսաշրջիկներն առիթ կունենան ծանոթանալու հայկական մշակութային ժառանգությանը:
«Հայերն այսօր»-ը, հղում կատարելով «Ասպարեզ» օրաթերթին հայտնում է, որ հանրահայտ Սմիթսոնյան «Ազգային կյանք» ամենամյա փառատոնն այս տարի նվիրված է նաև Հայաստանին: Երգի ու պարի, նկարչության, գորգագործության ու կավագործության, արվեստի ու արհեստագործության այլ ճյուղերի հետ մեկտեղ կներկայացվեն նաև հայկական խոհանոցի առանձնահատկությունները:
Փառատոնի շրջանակներում Վաշինգտոնի կենտրոնում կտեղադրվեն հարյուրավոր տաղավարներ, որտեղ օրեր շարունակ` հունիսի 27-ից հուլիսի 1-ը և հուլիսի 4-ից 8-ը, Հայաստանից և Սփյուռքից շուրջ 100 արվեստագետներ, ձևավորողներ, երաժիշտներ ու արհեստագործներ կցուցադրեն մեր մշակութային ժառանգությունն ու իրենց աշխատանքները` այցելուներին մասնակից դարձնելով դրանց ստեղծմանը:
Փառատոնի հայկական բաժնի համակարգող Հալի Բաթվեն նշում է, որ հիանալի առիթ է ստեղծվելու` Հայաստանի մասին տեղեկանալ անմիջականորեն հայերից, ծանոթանալ հայկական հայտնի հյուրասիրության ավանդույթներին, ցանկութան դեպքում` լավաշ թխել, խորոված պատրաստել, կամ նկարել ու բացահայտել հայկական ասեղնագործության գաղտնիքները: Նաև, փորձելով հայկական գինի, միաժամանակ ծանոթանալ 6100 տարվա պատմություն ունեցող հայկական գինեգործության ավանդույթներին ու ժամանակակից արտադրությանը:
Բըրբենքի Արևմտյան թեմի առաջնորդարանում, Սմիթսոնյան «Ազգային կյանք» փառատոնի տնօրեն Սաբրինա Լին Մոթլին և Բաթվեն այլ մանրամասներ ներկայացրեցին նախատեսվող մեծածավալ ձեռնարկի մասին: Նրանք նշեցին, որ բազմիցս եղել են Հայաստանում, քաջածանոթ են և հիացած հայկական մշակույթով, ինչը ոգեշնչել է նրանց 2018-ի փառատոնի թեմա ընտրել Հայաստանն ու հայկականը:
Նրանք ընդգծեցին, որ բացառիկ առիթ է ստեղծվելու` աշխարհին ներկայացնել հայերի անցյալը, ներկան ու ապագան` ավանդույթների ու նորարությունների միջոցով:
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նախատեսում են ստեղծել աշխատանքային խումբ, որը կօգնի կազմակերպիչներին լավագույնս ներկայացնելու մեր ազգայինը: