Հայ զինվո՛ր, երբեք մի´ կորցրու քո ժպիտը, ուրախությունն ու ապրելու ցանկությունը. Սարատովի հայկական համայնքի սաներ

Հունվարի 21-ին Սարատովի հայ համայնքի հայոց լեզվի, պատմության և էթնոմշակութային ավանդույթների ստուդիայում տեղի ունեցավ «Մեր բանակը» խորագրով սեմինարը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերին, որի ընթացքում ունկնդիրները ծանոթացան Հայոց բանակի կազմավորման պատմությանը, զինված ուժերի ղեկավար կազմին ու կառուցվածքին, պատերազմական գործողությունների ու հաղթանակների փառավոր ուղուն։ Հայ զինվորի ու բանակի կյանքին նվիրված տեսանյութերը ամբողջական դարձրին ստացված գիտելիքները։ Նշենք, որ ստուդիայի սաները մասնակցում են Սփյուռքի նախարարության «Նամակ հայ զինվորին» ծրագրին և սեմինարի ընթացքում կարդացին զինվորներից ստացած նամակները, որոնցում մեր քաջ մարտիկները պատմում են իրենց առօրյայի, բանակում ծառայելու կարևորության և հայրենիքի նկատմամբ ունեցած իրենց անսահմաան սիրո մասին։ Ստուդիայի ունկնդիրների համար դա իսկական հայրենասիրության, տոկունության ու քաջասրտության դաս էր։
Ահա թե ինչ են գրում նրանք ՝ պատասխան նամակներում.
«Նամակ անծանոթ հարազատից։
Բա՛րև, ի՛մ սիրելի հայ զինվոր։ Ես Նաիրան եմ, քո հեռավոր հայրենակցուհին Սարատով քաղաքից։ Ես կարդացի քո և քո ընկերների նամակները՝ մեծ հուզմունքով և արցունքն աչքերիս; Ճիշտ է, մենք ապրում ենք հայրենիքից հեռու, բայց հոգով, մտքով ու սրտով Հայաստանում ենք, ձե՛զ հետ ենք՝ մեր հայրենիքի պաշտպանների հետ։
Մենք հպարտ ենք, որ ձեզ նման հայրենիքի զինվորներ ունենք և գիտենք, որ ցանկացած պահի դուք պատրաստ եք պայքարելու մեր երկրի ազատության ու անկախության համար։ Իսկ մենք միշտ կլինենք ձեզ հետ։ Սիրելի՛ հայ զինվոր, ես և իմ ընկերները ցանակնում ենք քեզ քաջ առողջություն, կանաչ ճանապարհ, և թո՛ղ Աստված քեզ ու բոլոր զինվորներին միշտ պահապան լինի։ Մենք գլուխ ենք խոնարհում այն քաջերի հիշատակի առաջ, ովքեր ընկել են մարտի դաշտում՝ մեր սահմանները պաշտպանելիս։ Փա՜ռք ու պատիվ նրանց։ Ես հույս եմ փափագում, որ էլ ոչ մի զինվոր զենք չի բարձրացնելու արյունահեղ մարտին ստիպված մասնակցելու համար։ Ես ուզում եմ, որ բոլորը ծառայությունից անպայման վերադառնան տուն։
Քեզ բարի՛ ծառայություն, ի՛մ քաջ զինվոր:
Նաիրա Սրապիոնյան»:
***
«Բա՛րև, ի՛մ հայ զինվոր՝քաջ ու արի՛ արծիվ։
Ես ու իմ հասակակիցները հեռավոր Ոուսաստանից, հպարտությամբ և երախտագիտությամբ լցված, ուզում ենք մեր ջերմ ու շնորհակալական խոսքը հղել քեզ։
Դու՝ ադամանդե լեռների՝ այդ հավերժական սյունի վրա բարձրացած երկնասույզ աշխարհի հզոր ու անպա՛րտ զավակ, արժանի տերն ես նրա՝ հայրենապաշտ ու անհաղթ։
Դու՛, Վահագնատե՛ս զորական, որ հայոց փիրուզե լեռնաշխարհից իջնող ամեհի հեղեղի զորությամբ կոփված, գիտես պահել ու սրբորեն պաշտպանել քո սուրբ հողը, օրհնվա՜ծ լինես հավետ։ Թո՛ղ քո բազուկը միշտ ամուր լինի, ուժդ՝ անսպառ։ Թո՛ղ թշնամին միշտ սարսափի քեզանից և հեռու գնա մեր ազատ ու անկախ հայրենիքից;
Մեր դյուցազնածի՛ն զինվոր, միշտ հիշի՛ր, մենք՝ հայկական համայնքի ներկայացուցիչներս, սիրու՛մ ենք քեզ, միշտ քեզ հե՛տ ենք, քո կողքի՛ն։
Հայ համայնքից՝ Հասմիկ Ամբարդանյան»:
***
«Բա՛րև, հա՛յ զինվոր, ի՛մ քաջարի ու խիզախ եղբայր։ Քեզ եմ գրում հեռավոր Սարատովից։ Ես ծնվել ու մեծացել եմ այստեղ, բայց իմ սիրտն ու հոգին Հայաստանում են։
Հիմա քեզ գրում եմ հպարտությամբ ու հուզմունքով։ Հպարտ եմ, որ պատիվ ունեմ հաղորդակցվելու այն մարդու հետ, որն այս պահին, գտնվելով սահմանին, դիրքերում, հեռավոր զորամասում, հարազատներից հեռու, չի ընկճվում ու վհատվում, այլ զգոն է, կատարում է իր գործը մեծ հմտությամբ, ինչպես վայել է հայ զինվորին։ Գիտեմ, դժվարություններ կան, բայց երբ վերադառնաս տուն, այդ ամենը դառնալու է հպարտւթյամբ պսակված անցյալի վառ հիշողություն։
Իմացա՛ծ եղիր, ի՛մ սիրելի զինվոր, մենք, գտնվելով հայրենիքից դուրս, չե՛նք մոռանում քեզ և քո ընկերներին։ Մենք ձեզ հե՛տ ենք։ Մենք էլ ենք կազմում մեր հայրենիքի ու բանակի մի փոքրիկ մասը։ Ցանկանում ենք ձեզ դառը փորձություններից զուրկ ծառայություն և բարի վերադարձ հայրական տուն, որտեղ ձեզ են սպասում ձեր հարազատներն ու սիրելիները, ձեր մշտարթուն մայրերը, որոնք ամեն վայրկյան աղոթում են ձեզ համար ու կարոտած սրտով ու աչքով սպասում ձեր ճամփին։
Խաղա՜ղ ծառայություն ու բարի՜ վերադարձ, ի՛մ հայ զինվոր։
Մերի Մխիթարյան»:
***
«Ողջու՜յն, Հայոց բանակի քա՛ջ զինվոր։
Դու օր ու գիշեր պաշտպանում ես մեր սահմանը, մեր հողը, մեր հանգիստը, որ մենք լավ սովորենք ու մեր հայրենիքին արժանի զավակ դառնանք։ Շնորհակալ ենք անամպ, կապույտ երկնքի համար, խաղաղ և ուրախ մանկության համար։
Ցանկանում ենք շուտ վերադարձ տուն։ Մենք հպարտանո՛ւմ ենք ձեր մարտունակությամբ, ուժով և քաջությամբ։
Սոֆի Գասպարյան»:
***
«Բա՛րև, սիրելի՛ զինվոր։
Ասում են՝ ռիսկը գործի կեսն է, իսկ դու, ռիսկի ենթարկելով քո կյանքը, պաշտպանում ես մեր սահմանները։ Ուրեմն դու վեհանձն մարդ ես։ Դրա համար էլ, ողջու՜յն, ի՛մ վեհանձն զինվոր։
Դու ժպտու՞մ ես։ Երևի՝ այո։ Ես հույս ունեմ, որ դու հաճախ ես ժպտում։ Կարծում եմ, դու դրա համար շատ պատճառներ կունենաս։ Հավանաբար, ծառայության ժամանակ դու ձեռք ես բերել բազմաթիվ ընկերներ, իսկ ավելի ճիշտ՝ եղբայրներ։ Դուք, հավանաբար, միմյանց տալիս եք ընտանեկան ջերմություն, հոգ եք տանում մեկդ մյուսի մասին։ Վստա՛հ եմ, որ այդպես էլ անում եք։
Դու՛, իմ վեհա՛նձն զինվոր, ժպտում ես նաև մտածելով այն մարդկանց մասին, ովքեր քեզ սիրում ու սպասում են (հարազատներդ, ընկերներդ, բարեկամներդ, պարզապես ծանոթներդ)։ Գիտե՞ս, ի՛մ զինվոր, որ դու իսկակա՛ն հերոս ես։ Իսկ հերոսներին շատ է սազում ժպիտը։ Զինվո՛ր, երբեք մի´ կորցրու քո ժպիտը, մի՛ կորցրու ուրախությունն ու ապրելու ցանկությունը։
Ի՛մ վեհանձն զինվոր, ես այնպե՜ս եմ ուզում, որ դու մի՛շտ լինես առողջ։ Գիտեմ, որ դու պատվով ես կատարում քո պարտքը, պահպանում ես մեզ՝ բոլորիս, մեր ապագան։
Խոստացի՛ր, ի՛մ բարեկամ, որ շուտով, վերադառնալով տուն, դու կշարունակես ուրախանալ կյանքով, ժպտալ և ապրել։ Եվ հիշի՛ր, ի՛մ սիրելի, վեհա՛նձն, հարազա՛տ զինվոր, հերոսների դեմքից, անկախ ամեն ինչից, երբեք չպետք է անհետնան ժպիտն ու երջանկությունը։
Բարի ցանկություններով՝ Սվետա Սրապիոնյան»:
***
«Բարևնե՜ր հեռավոր Սարատովից։ Ի՜մ սիրելի զինվոր, շնորհակալ եմ քեզ և քո զինակից ընկերներից մեր հայրենիքի սահմաններն անառիկ ու անսասան պահելու համար, մեր անդորրը պահպանելու և խաղաղ քուն ապահովելու համար։ Ես հիմա գտնվում եմ հայրենիքի սահմաններից դուրս, բայց իմ սիրտն ու միտքը Հայաստանում են։ Ես հոգով ու սրտով միշտ ձեզ հետ եմ, հասկանում եմ, որ ծառայությունը դժվար է։ Ցրտից ձեռքերդ երևի սառել են, իսկ մութ գիշերին երբ քամին է սուլում, դու կանգնած հսկում ես, որ խաղաղ լուսանա Հայոց երկինքը։ Գիտեմ, դու հոգով ուժեղ ես, արիասիրտ ու անձնվեր։
Ես ուզում եմ, որ աշխարհում խաղաղություն լինի, որ ամեն մի զինվոր իր պարտքը հպաարտորեն կատարած վերադառնա հայրենի տուն, որ ոչ մի մոր աչք իր զինվորի ճամփին չմնա։
Ի՛մ հարազատներ, շնորհավորում եմ ձեզ հայոց հաղթանակած բանակի օրվա առթիվ, ցանկանում եմ խաղաղ երկինք, կանաչ ճանապարհ, անվտանգ ծառայություն և բարի վերադարձ։
Մենք ձեզ հե՛տ ենք, մե՛նք էլ մի մասնիկն ենք այդ հզոր բանակի ու անկախ Հայաստանի։ Տարածությունը ոչինչ է, եթե սիրտը, միտքն ու հոգին համախմբված են։
Սփյուռքը ձեզ հե՛տ է։
Նելլի Մխիթարյան»:
***
Սիրելի՛ բարեկամներ, նյութի վերջում թույլ տվեք Սարատովի մարզի հայ համայնքի անունից շնորհավորել Հայոց փառապանծ բանակի տոնի կապակցությամբ, մաղթել խաղաղ երկինք և բարի ծառայություն, ասել հայ զինվորին՝ փառք քեզ հայրենիքի խիզա՛խ զավակ, պաշտպա՛ն ու պահապան հայրենի հողի։
Ուզում ենք նշել նաև, որ «Նամակ հայ զինվորին» ծրագիրը շարունակական է և շարքի առաջին միջոցառումը տեղի է ունեցել Հայատանի Հանրապետության անկախության օրվա նախօրյակին ու նվիրված էր մեզ համար պածալի այդ տոնին։
Նյութը պատրաստեց Նունե Բարեղամյանը
Աղբյուրը՝ «Հայերն այսօր»