Ախալքալաքում նշվեց Հայոց բանակի տոնը 

Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնում (ԱԵԿ) նշվեց Հայոց բանակի կազմավորման 26-ամյակը, միջոցառումը կրում էր «Ես մի զարկն եմ քո բազկի» խորագիրը:

Ջավախքցի ազատամարտիկների հանդիսավոր մուտքով սկսվեց միջոցառումը, որին ներկա էր նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով հանդես եկավ շնորհավորանքի խոսքով՝ մաղթելով հայոց երկրի սահմանի զինվորին միմիայն խաղաղություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ Նաև ԱԵԿ պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

ԱԵԿ-ի սաները, տոնին համապատասխան զինվորական հանդերձանքով, շնորհավորանքի ու շնորհակալության խոսքեր հղեցին հայ զինվորին՝ հայրենի սահմաններն ամուր պահելու համար: Հայրենասիրական երգեր ու պարեր նվիրեցին Հայոց բանակի տոնին:

Միջոցառմանը հրավիրված ազատամարտիկները ԱԵԿ-ի կողմից ստացան շնորհակալագրեր՝ տոնին մասնակցելու կապակցությամբ, ինչպես նաև նրանց վստահվեց Հայոց զինանշանի պատկերով տորթի կտրման արարողությունը: Ներկա ազատամարտիկների կազմում էին Ֆեդյա Թորոսյանը, Արմենակ Թամամյանը, Մնացական Մարգարյանը, Վահրամ Բադասյանը և այլք, ներկա էին հյուրեր և մտավորականներ Ախալքալաքից, Նինոծմինդայից և Ախլցխայից:

«Մեզ համար կարևոր են այսօրինակ միջոցառումները, երիտասարդները դաստաիարկվում են ազգային ոգով և ճանաչում իրենց կողքին ապրող մարդկանց: ՄԵր այսօրվա խորագիրը՝ «Ես մի զարկն եմ քո բազկի» պիտի հասանելի դառնա մեր յուրաքանչյուր սանի համար», – մեզ հետ զրույցում ասաց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը:

Սոնա Տոնականյան

jnews.ge

Scroll Up