«Եղիցի´ լույս» … և եղև լույս
47 տարի է մեզ բաժանում հայ դասական գրողների ամենավառ ներկայացուցչից՝ Պարույր Սևակից, բայց այդ ներկա-բացակայի մեջ նա ամենաներկա գրական անձնավորությունն է թե´ իր պոեզիայով, թե´ իր գեղագիտությամբ:
Սանկտ Պետերբուրգի հայ համայնքում բազմիցս է նշվել մեծ բանաստեղծի տարելիցը, կազմակերպվել են գրական երեկոներ:
Այս տարի էլ Սևակյան ընթերցումներ կազմակերպվեցին Սանկտ Պետերբուրգի Պուշկինի տարածաշրջանի հայկական համանքում՝ ի պատիվ հայ ժողովրդի մեծանուն բանաստեղծ, խոսքի և մտքի անզուգական գործիչ Պարույր Սևակի ծննդյան 94-ամյակի:
Սևակյան ընթերցումներով հանդես եկան պոետ, ասմունքող Էդուարդ Պողոսյանը, Պուշկինի տարածաշրջանի հայկական կիրակնօրյա դպրոցի հայոց լզվի ուսուցչուհի Մարինե Նազինյանը, երաժիշտ, դաշնակահար Արման Նասիբյանը և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ավագ դասախոս Դոնարա Մկրտչյանը։ Երեկոյի ընթացքում հնչեց Սևակի «Երեքնուկը»՝ դպրոցի սաների ծնողների կատարմամբ, գուսան Շահենի՝ Սևակին նվիրած « Անցա, գնացի» երգը:
Երեկոյի հյուրերն էին Պուշկինի տարածաշրջանի քաղաքային իշխանության ներկայացուցչները, Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Պողոս աբեղա Վարդանյանը:
Գրական երեկոյի համար նախապատվությունը տրվել էր արտ-սրճարանային ձևաչափին, որի կազմակերպիչն էր Պուշկինի տարածաշրջանի հայկական համայնքի ղեկավար և հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն Վրեժ Երվանդի Մելիքյանը:
Սրճարանի մեծ սրահի էկրանին ներկայացված էին բանաստեղծի ստեղծագործությունները, խմբագրված գրքերը, թարգմանությունները, ինչպես նաև տարբեր տեսանյութեր նրա մասին:
Հայաստանի մի անկյունում`Չանախչի գյուղում, շինականի ընտանիքում աշխարհ եկած թուխ մանուկը այն երջանիկն էր, որին նախախնամությունը ժողովրդի կուտակած պաշարից տվեց տաղանդի մի հսկայական բաժին, հազվագյուտ մի կողմնապահությամբ շնորհեց խելք, զգացումների հորդում, գիտական արտասավոր ընդունակություն, մարդկային հմայք ու էլի շատ ուրիշ ձիրքեր և դարձրեց նրան Պարույր Սևակ: Ժամանակի ընթացքում ներշնչումների տարերային թրթիռները տեղի տվեցին գիտակցված որոնումների՝ ձև տալով գրական ուրույն նախասիրությունների: Լինելով մեծ անհատականություն, նա իր մտորումների ոլորտն առավ ժամանակի մեծ անդրադարձումները և դարձավ դարի թարգմանը:
Յուրաքանչյուր ընթերցող Սևակին ընկալում է յուրովի: Նրա գրական ժառանգությունը մատուցելու համար հարկավոր է այն ճիշտ ընկալել և հոգու պրիզմայով բեկելուց հետո միայն ներկայացնել: Սևակին միայն «հոգով» չեն ընկալում, նրա ստեղծագործության ընկալմանը հաղորդակից է դառնում օրգանիզմի յուրաքանչյուր բջիջը:
Սևակին ահա այսպես ընկալելու հնարավորություն ընձեռվեց Պուշկինի տարածաշրջանի սևակասեր հանրությանը:
Միջոցառման մասնակիցներն առիթ ունեցան ունկնդրելու Սևակի սիրային, խոհա-փիլիսոփայական, հայրենանվիրումի անզուգական գոհարները:
Սևակն այն մեծություններից է, ում մասին կարելի է անդադար խոսել, և ասելիք միշտ էլ կլինի։ Սևակի ստեղծագործությունները պարզապես չեն արտահայտվում իրենք իրենցով, դրանք խաղաղ գոյակցում են իրար կողքի, և բառը աշխարհ է դառնում, որի մեջ ամեն բառ ունի իր գույնը, իր անունը։
Այսօր, տարիների հեռվից, երախտագիտությամբ մեր՝ չխունացող խոնարհումն ու ակնածանքն ենք պարզում, որովհետև աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերիս համար Պարույր Սևակը մեր արյան հոսքն է՝ դեռ շրջանառվող ու անկողոպտելի…
Դոնարա Մկրտչյան,
Սանկտ Պետերբուրգի
պետական համալսարանի ավագ դասախոս