Ռումինիայի Հայոց թեմն իր մասնակցությունը բերեց հունվարի 18-25-ը Բուխարեստում կայացած Էկումենիկ աղոթքի շաբաթին

2018թ. հունվարի 18-25-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ ամենամյա էկումենիկ աղոթք՝ «Աղոթքի շաբաթ քրիստոնյաների միասնության համար» վերտառությամբ: Որպես կարգախոս և նշանաբան՝ այս տարի ընտրված էր Սուրբգրային հետևյալ համարը. «Քո Աջը, Տե՛ր, զորությամբ փառավորվեց, Քո Աջը, Տե՛ր, խորտակեց թշնամուն» (Ելք 15. 6):
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, Էկումենիկ աղոթքին մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմը՝ ներկայացնելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Ռումին Ուղղափառ եկեղեցին, Գերմանիայի Լութերական Ավետարանական եկեղեցին, Անգլիկան եկեղեցին, Կալվին Բողոքական եկեղեցին, Հունա-Կաթոլիկ և Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցիները:
Էկումենիկ աղոթքի շաբաթը բաժանված էր հետևյալ ընթացակարգով՝
Հունվարի 18 – միասնական աղոթք Հռոմեա-Կաթոլիկ Ս. Հովսեփ եկեղեցում, ուր խոսքի և քարոզելու իրավունքը վերապահված էր Ռումին Ուղղափառ եկեղեցուն:
Հունվարի 19 – միասնական աղոթք Կալվին Բողոքական եկեղեցում, ուր խոսքի և պատգամ փոխանցելու իրավունքը վերապահված էր Գերմանական Լութերական եկեղեցուն:
Հունվարի 20 – միասնական աղոթք Հայ Առաքելական առաջնորդանիստ Սրբոց Հրեշտակապետաց Մայր Տաճարում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցուն: Էկումենիկ աղոթքին ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան տիար Սերգեյ Մինասյանը, հյուպատոս Աշոտ Գրիգորյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Ռումինիայի Կրոնների նախարար Վիկտոր Օպասկին, Ռումին Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Դանիել պատրիարքի ներկայացուցիչ, Բուխարեստի արքեպիսկոպոսության փոխառաջնորդ գերշ. Տիմոթեյ եպիսկոպոս Պրահովեանուն, Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս գերշ. Իոան Ռոբուն, Հունա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Միխայ Ֆրացիլը, Գերմանական Լութերական եկեղեցու փոխառաջնորդ գերշ. Դանիել եպիսկոպոս Զիկելլին, Հունգար Կալվին Բողոքական եկեղեցու ներկայացուցիչ Զսոլդ քահանա Բելլան, Բուխարեստում Վատիկանի ներկայացուցիչ Ֆերնանդո քահանա Ռեիսը, Ժուստինյան պատրիարքի անունը կրող Բուխարեստի աստվածաբանական համալսարանի դեկան Շտեֆան քահանա Բույքիուն, տարբեր եկեղեցիների ներկայացուցիչ քահանաներ ու հոգևորականներ:
Խոսքով հանդես եկան Հռոմեա-Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս գերշ. Իոան Ռոբուն, Կրոնների նախարար Վիկտոր Օպասկին, ով հատկապես կարևորեց քրիստոնեական եկեղեցիների դերն ու կարևորությունը հասարակության կյանքից ներս՝ հիշեցնելով, որ Ռումինիայի բնակչության 99 տոկոսը քրիստոնյա է, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանը, ով իր խոսքում ընդգծեց այն հանգամանքը, որ 2018թ. չափազանց կարևոր տարի է Ռումինիայի համար, քանզի մեծ շուքով նշվելու է Ռումինիայի միավորման 100 ամյակը և այս համատեքստում Ռումին հողի վրա գործող բոլոր քրիստոնյա եկեղեցիները ևս պետք միասնաբար ակտիվ մասնակցություն ունենան այս կարևոր իրադարձությանը՝ աղոթելով հանուն խաղաղության, արդարության ու Ռումին պետության բարգավաճման:
Հունվարի 21 – Աղոթք և Սրբազան Պատարագ բոլոր վերոնշյալ եկեղեցիներում:
Հունվարի 22– միասնական աղոթք Հունա-Կաթոլիկ եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Անգլիկան եկեղեցուն:
Հունվարի 23 – միասնական աղոթք Գերմանական Լութերական Ավետարանական եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հայ Եկեղեցուն՝ ի դեմս Ռումինիայի Հայոց թեմի: Թեմակալ առաջնորդ, գերշ. Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի պատգամը ներկայացրեց Տ. Գրիգոր քահանա Հոլկան: Սրբազան Հայրն իր խոսքում մասնավորապես նշում էր. «Աստված ոչ միայն Արարիչն է տիեզերքի, բոլոր տեսանելի և անտեսանելի երևույթների, արարչագործության թագ և պսակ համարվող մարդու, այլև Արարչական Իր Ձեռքով, Զորավոր Աջով մշտապես օրհնում և պահպանում է Իր ստեղծագործությունը: Աստծո մասին Դավիթն ասում է. «… Իր Աջն ու Իր սուրբ բազուկը փրկեցին նրան» (Սաղմ. 97.1): Կարմիր ծովով անցնելուց հետո Մովսեսն ու իսրայելացիները փառաբանում են Աստծուն՝ ասելով. «Քո Աջը, Տե՜ր, զորությամբ փառավորվեց, Քո Աջը, Տե՜ր, խորտակեց թշնամուն» (Ելք 15.6): Աստծո Աջը խորհրդանշում է Հիսուսին: Հիսուսի համբարձման վերաբերյալ Մարկոս ավետարանիչը գրում է. «Եվ ինքը Տեր Հիսուս, նրանց հետ խոսելուց հետո, դեպի երկինք վերացավ և նստեց Հոր աջ կողմը» (Մարկ. 16. 19): Աստվածաշնչում բազմաթիվ են Աստծո Աջի հիշատակումները՝ որպես խորհրդանիշ զանազան իրողությունների. Աստծո արարչագործության (Եսայի 48. 13), Աստծո զորության (Ելք 15. 6, Սաղմ. 21.8), պատվի, մեծարման (Սաղմ. 44.10, Մատթ. 25.34, Գործք 7.55), մասնավոր օրհնության (Ծննդ. 48. 14), եղբայրական սիրո (Գաղատ. 2.9), թշնամության (Սաղմ. 108. 6, Զաքարիա 3.1) և այլն: Բայց և այնպես, այս բոլոր նշանակությունների կողքին առանձնանում է հատկապես Տիրոջ Աջի ըմբռնումը որպես զորության, իշխանության, ուժի խորհրդանիշ, որպես պատժող, բայց և պահպանող ու պաշտպանող Աջ: Միևնույն ժամանակ Սուրբ Գիրքը մեզ ուսուցանում է, որ Աստված Աստված սեր է, և սիրո մեջ երկյուղ չկա, թե մենք ոչ մի բանից չպետք է վախենանք, քանզի Աստված մեզ սիրում է: Հատկապես Նոր Կտակարանում, բազմիցս խոսվում է Աստծո սիրո մասին, ինչպես օրինակ Հովհաննես առաքյալի թղթում կարդում ենք. «Աստված սեր է: Եվ սրանում երևաց Աստծո սերը մեր հանդեպ. այն, որ Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով կենդանի լինենք» (1 Հովհ. 4. 8–9), «Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ: Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքով է ուղեկցվում, և ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ» (1 Հովհ. 4. 16, 18): … Մեր միասնական աղոթքը թող առիթ դառնա առավել զորանալու ու Քրիստոսի կենարար Մարմնին ու Արյանը հաղորդակից լինելով առավել մոտենալու և մերձենալու Տիրոջը: Մեր մաղթանքն ու հորդորն է, որ այսուհետ մեր գործերով փառավորվի Տիրոջ անունը, որ մարդը կարողողանա իր քայլերն ուղղել դեպի Աստված, դեպի Աստծո խաղաղությունը՝ հաշտ ու ներդաշնակ լինելով իր Արարչի, բնության ու ինքն իր հետ՝ վայելելով Տիրոջ Զորավոր Աջի օրհնություններն ու շնորհները, ինչպես նաև զգալով Պահպանիչ Աջի ներկայությունը իր կյանքից ներս: Ամեն»:
Հունվարի 24– միասնական աղոթք Անգլիկան եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Բողոքական եկեղեցուն:
Հունվարի 25 – միասնական աղոթք Ռումին Ուղղափառ եկեղեցում, ուր խոսքով հանդես գալու իրավունքը վերապահված էր Հունա-Կաթոլիկ եկեղեցուն:
Էկումենիկ աղոթքի շաբաթն ավարտվեց նորից հանդիպելու վստահությամբ և այն մաղթանքով, որ Ողորմած և Ամենակարող Աստված մաքրի աշխարհը ամեն տեսակ չարությունից ու ողբերգություններից՝ պարգևելով սեր, խաղաղություն ու ներդաշնակություն: