Դեսպան Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի Լիբանան-Հայաստան բարեկամության խմբի հետ

Հունվարի 25-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի խորհրդարանի Լիբանան-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր սահմանադրության հիման վրա խորհրդարանական կառավարման համակարգին անցման քայլերը:

Ընդգծվեց երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության աշխուժացման և այդ նպատակով նոր եղանակների ու ձևաչափերի որոնման անհրաժեշտությունը:

Հատուկ անդրադարձ կատարվեց խորհրդարանական դիվանագիտությանը՝ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում:

Լիբանանի խորհրդարանի անդամները ներկայացրին առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, դրանց հաջող անցկացման նախապայմանները:

Scroll Up