ՄԻԵԴ վճիռը նույնանում է Փերինչեքի ժխտողական հայտարարության հետ. Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2013/12/images11.jpg)
Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակը խստորեն դատապարտում է դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճիռը, համաձայն որի` Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքի Հայոց Ցեղասպանության ժխտումը հանցագործություն չէ: «Դատարանի վճիռը շատ վտանգավոր է եւ ուղղակի զորակցություն է Եվրոպայում Անկարայի եւ Բաքվի կողմից ղեկավարվող ժխտողականության հոսանքին եւ հավելյալ ճամփա է բացում նրանց դիմաց: Եվս մեկ անգամ թաքնվելով ազատ խոսքի իրավունքի թիկունքում` օրինակ առնելով Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի մոտեցումը, Եվրոպական դատարանն իր տխրահռչակ այս որոշմամբ ոտնահարում է Հայոց Ցեղասպանության զոհերի եւ հաջորդական սերունդների արժանապատվության իրավունքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ նման հայտարարությամբ է հանդես է եկել Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակն ու Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը:
«Այսուհետ հայությունը չի կարողանա Եվրոպայում գտնել օրենքով սահմանված իր պաշտպանությունը: Առանց այս հիմնական իրավունքի, ոչ ոք չի կարող հաստատել, թե ինչպիսին կլինի հայության հետագա քայլերն ու միջոցները` իրավական ինքնապաշտպանության փնտրտուքի հոլովույթի մեջ: Մյուս կողմից այս տխրահռչակ որոշումը կգոտեպնդի եւ հավելյալ ներուժ կտա թուրքական ծայրահեղական շարժումներին եւ զուգահեռաբար կհարվածի Թուրքիայի մեջ հետզհետե բարձրացող արդար ձայներին:
Ավելին, երբ եվրոպական դատարանը հայտարարում է, որ «Ցեղասպանության եզրը միաձայնություն չի վայելում», ուղղակիորեն նույնանում է Փերինչեքի ժխտողական այն հայտարարության հետ, համաձայն որի «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է»: Այս նույնանման մոտեցումն անընդունելի է ու խստիվ դատապարտելի»:
Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակն ու Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը տեսակցություն են պահանջել Ֆրանսիայում Շվեյցարիայի դեսպանի հետ` ներկայացնելու հայկական կողմի ակնկալիքները: «Համակարգված այլ նախաձեռնություններ պետք է կատարվեն նաեւ տարբեր երկրներում` Հայ դատի գրասենյակների եւ հանձնախմբերի, ինչպես նաեւ` պաշտոնական Երեւանի կողմից, միացյալ ճակատ
կազմելով այս արշավի դեմ: Շվեյցարիան երեք ամսվա ժամանակամիջոց ունի բողոքելու եւ վերատեսության պահանջ ներկայացնելու եվրոպական դատարանին»:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար շվեյցարական դատարանի կողմից մեղավոր ճանաչված քաղաքական գործիչ Դողու Փերինչեքի հայցը: 2008 թվականին շվեյցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար Փերինչեքին դատապարտել էր 3 ամսվա ազատազրկման, այնուհետ ազատազրկման որոշումը
դատարանը փոխարինել էր վարչական տուգանքով: Եվրադատարանը Փերիչեքի հայցի բավարարումը հիմնավորել է նրանով, որ շվեյցարական դատարանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի խոսքի ազատության վերաբերյալ 10-րդ և 7-րդ հոդվածները: