Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք կբերեն պարզեցված կարգով

Հունվարի 6- ից դյուրացվել է 18 տարին լրացած երեխաներին ՀՀ քաղաքացիություն տալու և ՀՀ անձնագիր տրամադրելու ընթացակարգը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն է ներկայացնում փոփոխությունները: Նախկինում անձնագիր տրամադրելու համար պետք է պարտադիր լիներ երկու ծնողների համաձայնությունը:
«Եթե բացակայում է ծնողների փոխհամաձայնությունը, երեխան ձեռք է բերում ՀՀ քաղաքացիություն և անձնագիր, եթե նա բնակվում է ՀՀ-ում և առկա է ծնողներից մեկի համաձայնությունը: Այստեղ նշանակություն չունի, թե ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, թե օտարերկրյա»:
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ ազգությամբ հայը, եթե բնակություն է հաստատում Հայաստանում, քաղաքացիության իրավունք ունի: Եթե մինչև 18 տարեկան ազգությամբ հայ երեխայի ծնողները ՀՀ-քաղաքացիներ չեն, սակայն երեխան մշտապես բնակվում է Հայաստանում, ծնողների համաձայնությամբ կարող է ստանալ ՀՀ քաղաքացիություն:
«Եթե 16 տարին լրացած է, 16-18 տարեկան հասակում է դիմում է անձնագրավորման, ինքն է ներկայացնում, երկու ծնողները համաձայնություն են տալիս: Մինչև 16 տարեկան հասակում դիմումը տալիս է մեկ ծնողը, մյուս ծնողի համաձայնությամբ երեխան կարող է ստանալ քաղաքացու անձնագիր»:
Այստեղ, սակայն, հարց է մնում` ով է ազգությամբ հայը: Ինչպե՞ս է որոշվում նրա ազգային պատկանելությունը: ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, ում ծնողները կամ նախապապերը ազգությամբ հայ են կամ ունենան ազգությունը հաստատող փաստաթուղթ՝ ասում է:
«Ազգությամբ հայը այն մարդն է, ում քաղաքացիությամբ նշված է, որ ազգությամբ հայ է: Կամ նրա հայրն ու մայրը հայ են: Ծննդյան վկայականը բացեք, որտեղ նշված է, որ ազգությամբ հայ են»:
Հայաստանի միգրացիոն ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանի գնահատմամբ՝ ազգության սահմանումը բարդ ու հետաքրքիր տերմին է: Գործող օրենսդրության մեջ նշվում է, որ ծագումնաբանությունը պետք է նաև հաստատվի մկրտության տեղեկանքով:
«Որպես կանոն հիմնվում են հոգևոր առաջնորդների կողմից տրված տեղեկանքների հիման վրա:ս Բայց դա իհարկե ամբողջական ցանկը չէ»:
Կառավարությունը հաստատել է ազգությամբ հայ լինելու հանգամանքը հիմնավորող փաստաթղթերի ցանկը, որտեղ առաջնային պահանջվող թուղթը Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանից կամ հայկական այլ եկեղեցական կառույցներից տրված մկրտության մասին փաստաթուղթն է��? մկրտվածի կամ նրա ծնողների ազգության մասին նշումով: Սակայն եթե մկրտված չեն ո՛չ ծնողները, ո՛չ էլ երեխաները, այս դեպքում ինչպես պետք է որոշվի նրանց ազգային պատկանելությունը: Այս դեպքում միջազգային իրավունքի մասնագետ Սուրեն Սարգսյանը դժվարանում է խնդրի կարգավորման ճանապարհ մատնանշել: Օրինակ է բերում պրակտիկայում շատ հանդիպող դեպքերից:
«Երբ մարդիկ ենթադրենք բնակվում են երկար տարիներ արտերկրում, օրինակ՝ Լիբանանում և հայկական եկեղեցուց վերցնում են տեղեկանք, որպեսզի դիմեն Հայաստանի քաղաքացիության համար»:
Իրականում՝ ցեղասպանությունից հետո շատերն են կորցրել ազգությունը հավաստող հնարավոր փաստաթղթերը, ինչն էլ դժվարություններ է ստեղծել: Նրանք, ովքեր փրկվել են արաբական երկրներում, փաստաթղթերի բացակայության պայմաններում, տրվել է տվյալ երկրի քաղաքացիություն, չեն կարողացել ապացուցել իրենց հայ լինելը: Ի վերջո ազգությամբ հայ լինելը տեսական խնդիր է՝ հավելեց միջազգային իրավունքի մասնագետը: Նախևառաջ անհատը պետք է իրեն ազգությամբ հայ համարի:
«Ծնվել, մեծացել է ԱՄՆ-ում, Հայաստանի հետ որևէ առնչություն չի ունեցել, հայկական միջավայրում չի մեծացել, միայն ազգանունով է հայ, մի քիչ դժվար է գնահատել նա հա՞յ է, թե՞ ոչ, որովհետև բացի հայկական ազգանունից չունի հայկական ինքնություն: Այսինքն նաև սրանք անհատական մոտեցումներ են, որովհետև յուրաքանչյուր արտերկրում բնակվող մեր հայրենակից ինքն է որոշում իր հայ լինելը»:
Ծագումով հայ, ազգությամբ հայ հասկացությունները իրավական չեն այնքան, որքան դրա տակ կան նաև բարոյական և անձնական մոտեցումներ՝ հավելեց իրավաբանը: