Գարեգին Բ-ն Առաջին Հանրապետությանը նվիրված կոնդակ կհրապարակի

Փետրվարի 8-ին՝ Սուրբ Վարդանանց տոնին, կհրապարակվի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը՝ Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով:

Մայր Աթոռում ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որը ծրագրելու, կազմակերպելու եւ համակարգելու է եկեղեցական կառույցների կողմից իրականացվող միջոցառումերը:

Դրանց մեկնարկը տրվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով:

«Այն կարեւոր ուղղորդիչ պատգամներ կբովանդակի այսօրվա մեր կյանքի համար, թե ինչպիսի դասեր պետք է քաղենք առաջին Հանրապետության կարճատեւ գոյապայքարից եւ մայիսյան հերոսամարտերից: Հենց այս խորհրդով է, որ կոնդակի հրապարակումը ծրագրվում է Ս. Վարդանանց զորավարների տոնին` փետրվարի 8-ին: Այս հոբելյանի եւ տոնի խորհուրդները մեկ ընդհանրություն ունեն`ցույց տալ մեր ժողովրդի միասնականությունն ու հաստատակամությունը հանուն ազատության ու անկախ պետականության, գոյամարտ հանուն ինքնության պահպանման եւ ապագայի տեսիլքի»,- Մեդիամաքսին ասել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով  Մայր Աթոռի կառույցները՝ կրթական, գիտական, մշակութային հաստատությունները,  իրականացնելու են մի շարք միջոցառումներ:

Մասնավորապես, բացվելու է «Ս. Էջմիածինը մայիսյան հերոսամարտերին եւ Հայաստանի Ա. Հանրապետության տարիներին» արխիվային վավերագրերի եւ նյութերի ցուցահանդեսը, լույս են տեսնելու այդ շրջանին վերաբերող մենագրություններ, ուսումնասիրություններ, ինչպես նաեւ 1914-1920 թթ. վավերագրերի երկու հատորները:

Scroll Up