ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհով և բարձր հովանավորությամբ լույս է տեսել «Ուրացման քաղաքականության արմատները, նորօրյա դրսևորումները և դրանց հետևանքները» գիրքը

Երևանում ՀՀ Սփյուռքի նախարարության դրամաշնորհով և բարձր հովանավորությամբ հրատարակվել է ցեղասպանագետ Մարի Հովհաննիսյանի «Ուրացման քաղաքականության արմատները, նորօրյա դրսևորումները և դրանց հետևանքները» գիրքը: Ուսումնասիրությունը կատարվել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում: Այդ մասին հաղորդում է կենտրոնի Akunq.net պաշտոնական կայքէջը:

Աղբյուրի համաձայն` աշխատության մեջ ներկայացված են Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականության քաղաքականության ակունքները, դրանց դրսևորումները Ցեղասպանության ընթացքում, 1965 թ. հետո և մեր օրերում: Ըստ հեղինակի` ժխտման հիմնական թեզերը, որոնք սկիզբ են առել դեռևս 1894-96 թթ. կոտորածների շրջանում, հիմնականում նույնն են մնացել հետագա տասնամյակների ընթացքում, սակայն փոխվել են դրանց ներկայացման մեթոդներն ու մեխանիզմները:

Գրքում Մ. Հովհաննիսյանի կողմից առաջ է քաշվում ցեղասպանագիտության մեջ նոր թեզ, ըստ որի` ցեղասպանության ժխտումն սկսվում է շատ ավելի վաղ, քան բուն հանցագործությունը:

Ուսումնասիրության երեք գլուխներում ամփոփված են ժխտողականության տեսությանը վերաբերող դրույթներ, Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողական քաղաքականության փուլերը, դրանց զարգացումները և հետևանքները:

Մենագրությունը հիմնված է հեղինակի կողմից առաջին անգամ գիտական շրջանառության մեջ դրվող արխիվային փաստաթղթերի, ժամանակի մամուլի, հասարակական-քաղաքական գործիչների հուշերի և մասնագիտական գրականության վրա:

«Էդիթ պրինտ» հրատարակչությունում տպագրված 168 էջանոց սույն աշխատության խմբագիրն է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, հայագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Հայկազուն Ալվրցյանը:

Հեղինակի մասին

Մարի Վլադիմիրի Հովհաննիսյանը ծնվել է 1985թ. մարտի 22-ին, Երևանում: Սկզբնական կրթությունն ստացել է Նանսենի անվան հ. 150 դպրոցում: 2006 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, իսկ 2009-2010 թթ. ուսանել է Բուդապեշտի Կենտրոնական եվրոպական համալսարանի (CEU) Քաղաքագիտության ֆակուլտետում և ստացել մագիստրոսի կոչում:

2010-2012 թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: 2016 թ. աշխատանքի է անցել Հայաստանի ազգային արխիվի գիտահետազոտական բաժնում:

2012 թ. Գերմանիայում անգլերեն լեզվով լույս է տեսել Մ. Հովհաննիսյանի «Անցյալի և ներկայի բախումը. Հայոց ցեղասպանության հավաքական հիշողությունը և թուրքական ժխտողականությունը» մենագրությունը:

2014 թ. Քարնեգի հետազոտական ծրագրի շրջանակներում հետազոտական աշխատանքներ է կատարել ԱՄՆ-ի Քլարք համալսարանի Հոլոքոստի և ցեղասպանագիտության ուսումնասիրությունների կենտրոնում:

2014 թ. մասնակցել է Զորյան ինստիտուտի և Տորոնտոյի համալսարանի կազմակերպած` Ցեղասպանագիտության և մարդու իրավունքների համալսարանական դասընթացին: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Հայաստանում, Իտալիայում և Սերբիայում:

Մ. Հովհաննիսյանը նաև այլ գիտական հոդվածների և հրապարակումների հեղինակ է: Նրա գիտական հետաքրքրությունները ներառում են ցեղասպանագիտության, կոնֆլիկտոլոգիայի, ինչպես նաև` ժողովրդավարության հաստատման հիմնախնդիրները հետճգնաժամային և անցումային փուլում գտնվող հասարակություններում:

Akunq.net

Scroll Up