Lույս է տեսել «Զանգվածները և զանգվածային բռնությունները. Օսմանյան կայսրության մուսուլման բնակչության մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը» գիրքը

Երևանում 2017 թ. հրատարակվել է մշակութաբան, պատմական գիտությունների թեկնածու Հասմիկ Գրիգորյանի «Զանգվածները և զանգվածային բռնությունները. Օսմանյան կայսրության մուսուլման բնակչության մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը» մենագրությունը (գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության գիտական խորհրդի որոշմամբ, պատասխանատու խմբագիր` պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարության, գրախոսներ` պ.գ.թ. Հայկ Մարտիրոսյան և պ.գ.թ. Թեհմինե Մարտոյան, 244 էջ): Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` մենագրության մեջ աղբյուրագիտական հարուստ նյութի հիման վրա ներկայացված է Օսմանյան կայսրության մուսուլման հասարակության զանգվածային մասնակցությունը Հայոց ցեղասպանության իրագործմանը:
Սույն աշխատությունում առաջին անգամ փորձ է արվում վերլուծության ենթարկել Հայոց ցեղասպանության իրականացման համար կարևոր նախապայմանների` պետական ու հոգևոր գաղափարախոսությունների, հասարակության կառույցի դերն ու ամբողջականությունը և վերջինիս սոցիալ-մշակութային ու էթնո-մշակութային յուրահատկությունները:
Առանձին բաժիններով ներկայացված են օսմանյան պետական կառույցների և մահմեդական հասակարության տարբեր սոցիալական խմբերի` տղամարդկանց, կանանց և երեխաների մասնակցության ձևերը բռնություններին և դրանց գործառութային առանձնահատկությունները:
Մենագրության մեջ անդրադարձ է կատարվել մուսուլման «երախտավորների» հիմնախնդրին` դասակարգելով մահմեդականների կողմից հայերին օգնություն ցուցաբերելու դրդապատճառները և իրական նպատակները:
Գիրքը հասցեագրված է պատմաբաններին, թուրքագետներին, ցեղասպանագետներին, մշակութային մարդաբաններին և ընթերցող լայն շրջանակներին:
Հեղինակի մասին
Հասմիկ Գրիշայի Գրիգորյանը ծնվել է 1986 թ. Երևանում: 2004-2010 թթ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում և ստացել մշակութաբանության մագիստրոսի աստիճան: 2008-2015 թթ. աշխատել է Հայող ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: 2015 թ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` «Ոճրագործության զանգվածայնության հիմնախնդիրը Հայոց ցեղասպանության մեջ (ազգաբանական հետազոտություն)» թեմայով: Նույն տարվանից, որպես գիտաշխատող, աշխատում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում: Նա մեկ տասնյակ գիտական հոդվածների հեղինակ է: Զեկուցումներով հանդես է եկել մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովներում: «Զանգվածները և զանգվածային բռնությունները. Օսմանյան կայսրության մուսուլման բնակչության մասնակցությունը Հայոց ցեղասպանությանը» աշխատությունը Հասմիկ Գրիգորյանի առաջին մենագրությունն է:
Akunq.net