«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի Ամանորյա և Սուրբ Ծննդյան հանդիսությունը

Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան  թեմը շուրջ ինը տասնամյակ ծավալում է ազգային ու հոգևոր բացառիկ գործունեություն:

 Դարեր ի վեր առանց Հայ Առաքելական Ս. եկեղեցու չկա ազգային դպրոց: Հատկապես սփյուռքում ինքնության պահպահման և զանազան մարտահրավերների այս դարաշրջանում առանց մայր եկեղեցու դժվար է պատկերացնել մատղաշ սերնդի և երիտասարդության արժեհամակարգի ձևավորման խնդիրը: Այդ առաքելությամբ է, որ Հայոց եկեղեցին փորձում է պահել մեր հավատն ու մեր ազգային տեսակը` ներդաշնակ բնական համաձուլվածքի մեջ:

 Առաջնորդության տասը տարիների ընթացքում, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի ժրաջան առաջնորդ, գերաշնորհ Տ. Հովնան Արք. Տերտերյանը, ի թիվս բյուրավոր ծրագրերի հետևողականորեն մեծ ուշադրություն է դարձնում ԱՄՆ-ում հայ մանուկների կրթությանն ու հայեցի դաստիարակությանը: Լավագույն ապացույցներից մեկն է առաջնորդանիստ Ս. Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ»  շաբաթօրյա դպրոցը, որը, չորս տարի առաջ վերակազմավորվելով առաջնորդարանի` լուսավոր հարկի ներքո, դարձել է յուրօրինակ ազգային դարբնոց, ուր թևածում է եկեղեցասիրությունը, ազգայինարժեքների նկատմամբ ակնածանքը և ոսկեղենիկ մայրենիի նկատմամբ պաշտամունքը:  Այդ սուրբ գործին իրենց նվիրումն են բերում դպրոցի բազմափորձ ու բանիմաց ուսուցիչներն ու ողջ աշխատակազմը` գլխավորությամբ` տնօրեն , բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի, որի անմիջական հսկողությամբ ու անսակարկ նվիրվածությամբ դպրոցի առօրյան լցվում է էլ ավելի ջերմությամբ:

 Վարժարանն ամենամեծ շաբաթօրյա կրթական հաստատություններից է, ուր ուսանում են մոտ 200 աշակերտ: Համակարգված և արդիական ծրագրերն ու մեթոդներն ապահովում են հրաշալի արդյունք, որով կրթօջախը ձեռք է բերել մեծ համբավ` դառնալով ամենամրցունակ շաբաթօրյա  վարժարանը` ողջ Լոս Անջելեսի տարածքում:

Դպրոցի օրն սկսվում է եկեղեցու հովիվ արժանապատիվ Տ. Խաժակ քահանա Շահբազյանի` հոգևոր ու խրատական զրույցով: Հարկ է նշել, որ հաստատության առօրյան հագեցած է ոչ միայն հայերենի բարձրորակ  դասավանդությամբ, այլ նաև ազգային երաժշտության ուսուցմամբ: Դպրոցում ձեռք բերած գիտելիքների համագումարը երևան են գալիս ավանդություն դարձած հանդեսների ու միջոցառումների ժամանակ:

 2013 թ.-ի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Ամանորյա և Սուրբ  Ծննդյան հանդիսությունը, որն ավանդության համաձայն սկսվեց Տերունական աղոթքով: Միջոցառմանը մասնակցում էին 1 – 5-րդ դասարանների սաները:

Փոքրիկ հրեշտակները` իրենց մանկական շուրթերից հնչեցնելով ոսկեղենիկ հայ խոսքը փառաբանում էին Հիսուս Քրիստոսի հրաշախառը ծնունդը: Սեր ու հոգեհույզ բաբախումներ կային մանուկների սրտերում, որոնք լեցուն էին աստվածասիրությամբ, ազգային արժանապատվությամբ և իրենց մայրենի լեզվի նկատմամբ ունեցած բարձր պատասխանատվությամբ: Որքա¯ն անաղարտություն ու մանկական ջերմություն կար նրանց խոսքերում, որ թևածում էր եկեղեցու խնկաբույր ու սուրբ կամարների ներքո:

 Միջոցառման ավարտին իր շնորհակալական խոսքն ասաց դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը, որից հետո թեմական առաջնորդ Հովնան սրբազանն իր օրհնությունը բաշխեց ներկաներին: Առաջնորդն իր խոսքում բարձր գնահատեց դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի աշխատանքը, ինչպես նաև մասնավոր իր գնահատություններն ուղղեց ծնողներին, որոնք նախանձախնդիր մայրենի  լեզվի և քրիստոնեական հավատի պահպանության ապահովում են իրենց զավակների հայեցի դաստիարակությունը:

Վերջում աշակերտների ծափողջյունների ու երգերի ներքո ժամանեց Արարատի փեշերում բնակվող Ձմեռ պապը` իր ավանդական ջերմ բարեմաղթանքներով ու բազում նվերներով:

 Ռիմա  Եսայան

« Փոքրիկ Հրեշտակներ»  դպրոցի ուսուցչուհի

Scroll Up