Ամանորյա նվեր՝ Գյումրիի անապահով ընտանիքին

Դեկտեմբերի 30-ին Գյումրիում տեղի ունեցավ բնակարանի բանալիների հանձնման արարողություն, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Կամչատկայի հայ համայնքի ղեկավար Արթուր Խաչատրյանը:
Տարեմուտի այս գեղեցիկ նվերը նախատեսված էր 4 երեխաների մայր Ռուզաննա Վանյանի ընտանիքի համար: Նվերը Կամչատկայի հայ համայնքի կողմից հանձնեց համայնքի ղեկավար, բարերար Արթուր Խաչատրյանը:
Բարձր գնահատելով ծագումով գյումրեցի Արթուր Խաչատրյանի գործունեությունը՝ նախարարը մասնավորապես նշեց. «Գովելի է, որ այժմ ապրելով հարազատ քաղաքից հեռու՝ Արթուր Խաչատրյանը չի մոռանում իր արմատների մասին, փորձում է օգնել դեռևս տնակներում բնակվող մեր հայրենակիցներին: Արթուրն իր հնարավորություններն ու ընդունակությունները ներ է դրել նաև Կամչատկայի հայկական համայնքի կազմակերպման և համախմբման գործում, և ես ուրախ եմ, որ այս բնակարանը ամանորյա հրաշալի նվեր դարձավ Վանյանների ընտանիքի համար: Տիկին Ռուզաննան ամուսնու մահից հետո իր փխրուն ուսերին կրել է ընտանիքի հոգսը, կրթել և դաստիարակել 4 երեխաների, որոնցից ավագը այժմ կատարում է իր քաղաքացիական պարտքը և ծառայում Հայոց բանակում»:
Ռուզաննա Վանյանը շնորհակալություն հայտնեց մեծ անակնկալի համար, որն իր ընտանիքի վաղեմի երազանքն էր: