Տարեմուտի հանդես՝ Օդեսահայ համայնքի մշակույթի տանը

Թեև Նոր տարին դիմավորելու սովորույթները շատ տարբեր են, ըստ էության, աշխարհի բոլոր ժողովուրդների համար այն ամենաուրախ ու սիրված տոնն է։ Ամենահաճելին այն է, որ մարդիկ հավատում են ամանորյա հրաշքին և սրտի թրթիռով սպասում նրան։

Այդ էր հավաստում Տարեմուտի հանդեսը՝ Օդեսայի հայ համայնքում։ Դեկտեմբերի 24-ին մշակույթի կենտրոնի տոնական զարդարված մեծ սրահում հանդես եկան կիրակնօրյա կրթօջախների՝ «Արևիկ» մանկապարտեզի և Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցի սաները։

Օդեսահայերի հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Գըլըճյանի օրհնությունից հետո բեմահարթակը տրամադրվեց մաշտոցականներին։ Նրանք կրթօջախի տնօրեն, հայոց լեզվի ուսուցչուհի Էլեն Պողոսյանի նախաձեռնությամբ պատրաստել էին մի հրաշալի տոնական միջոցառում՝ համեմված երգ ու պարով, երաժշտությամբ ու ասմունքով։  Աշակերտները գեղեցիկ խոսքերով ողջունեցին գալիք Ամանորն ու Սուրբ ծննդյան տոնը:

Այնուհետև ներկայացրին՝ ինչպես են աշխարհի տարբեր երկրներում նշում Նոր Տարին, ինչ հետաքրքիր սովորույթներ ունեն, ինչու են քրիստոնեական երկրներում տոնածառը կոչում Ծննդյան ծառ…Ուշագրավ էր ազգային տոնական հագուստների կենդանի ցուցադրությունը։

Հանգամանորեն ներկայացվեց նաև, թե ինչպես են հայերը հնում տոնել Ամանորը, ինչ ավանդույթներ են պահպանվել առայսօր, ինչպես են զարդարել տոնածառը, որ մարզերում ինչ գեղեցիկ սովորույթներ են պահպանվել մեր օրերում։ Թեպետ տարբեր են ժամանակները, տարբեր են մարդիկ ու սովորույթները, սակայն նրանց միավորում է Ամանորի հեքիաթն ու հրաշքի սպասումը։

Անկեղծ ու հուզիչ էր զրո դասարանցիների ելույթը (ուսուցչուհի՝ Հռիփսիմե Մելքոնյան)։ Դահլիճում պտտվեց փաթիլների պարը. աստղաձև փաթիլները պար բռնած իջան, ծածկեցին «դաշտ ու անտառ, սար ու ձոր»։ Բեմահարթակը նման էր բացատի, ուր հավաքվել էին անտառի բնակիչները՝ դիմավորելու Նոր տարուն. . .

Հնչեցին «Տոնածառի երգը», «Փոքրերի աշխարհ»-ը և «Զանգակներ»-ն ուրախ ղողանջեցին՝ իրականություն դարձնելու Ամանորի հրաշքը։ Դահլիճը ցնծաց Ամանորն ազդարարող ժամացույցի ուրախաբեր զարկերով և բարի ավետիսով ։

Բեմ ելան սպիտակազգեստ աղջնակները. ասես դահլիճի կամարների տակ ասես սավառնում էին հրեշտակները :

Այնուհետև բեմ բարձրացան արևիկցիները։ Նախակրթարանի տնօրեն Մարինե Աղաջանյանը շնորհավորեց ներկաներին գալիք տարվա առիթով, մաղթեց նրանց իղձերի իրականացում, երեխաներին՝ առողջություն և անհոգ մանկություն։

Ելոիյթ ունեցան մանկապարտեզի սաները ՝ ներկայացնելով իրենց զվարթ երգն ու պարը, ասմունքն ու հանելուկները, «Ամանորյա անտառը» բեմականացումը։ Եվան ու Գոռը, վարպետորեն կատարեցին Ուստա Փիսոյի ու Քեռի Քուչիի՝ քաջածանոթ բալլադի հերոսների դերերը: Փոքրիկներն ավելի աշխուժացան, երբ «անտառի ձյունածածկ ճամփաներով» հյուր եկավ Ձմեռ պապը։ Արևիկցիներն իրենց ելույթն ավարտեցին ասմունքով, որը հնչեց որպես բարեմաղթանք.

  -Թե աշխարհում փակ դռներ կան,

     թող որ բացվեն այս գիշեր

     –Թե կան դատարկ, համր տներ,
մանկան ճիչով թող լցվեն

 Նրանք տիկին Աղաջանյանին, դաստիարակչուհի Կարինե Մինասյանին, պարուսույց Ազգանուշ Վարդանյանին, երգուսույց Սիրանուշ Մինասյանին և դայակ Նինա Ավանեսովային, նաև սիրելի ծնողներին խոստացան եկող տարում ավելի լավ սովորել, լինել առավել ուշիմ ու խելոք։

  Հանդիսության շարունակությունը եղավ ամանորյա խոհանոցի դասը, որը ձևավորված՝ հաճելի, բարի ավանդույթի համաձայն, վարում են ծնողները, և որի նպատակը աշակերտներին հայկական խոհանոցային մշակույթի վերաբերյալ գիտելիքներ հաղորդելը, հայ ընտանիքների լավագույն ավանդույթներին հաղորդակից դարձնելն է։

Նոր տարվա հետ կապված գեղեցիկ սովորույթներից է տոնական սեղաններ սփռելն ու հյուրասիրությունը, իսկ հայկական սեղանները ճոխ են և ճկվում են ուտեստների առատությունից։ Դրանում կրկին համոզվեցինք, երբ հյուրընկալվեցինք դպրոցի հարկի ներքո։ Շնորհալի մայրիկներ Նելի Գասպարյանը, Արմինե Խամթրաշյանը, Լուսինե Ենոքյանն ու Աիդա Նալբանդյանը ներկայացրին, մեկնաբանեցին իրենց պատրաստած ուտեստների՝ խաղողի տերևով և պասուց տոլմաների, աղացած մսով և կաթնաշոռային միջուկներով նրբաբլիթների պատրաստման եղանակն ու գաղտնիքները, պատասխանեցին հնչող հարցերին և հայուհուն վայելուչ առատաձեռնությամբ ու համեստությամբ հյուրասիրեցին բոլորին՝ օրինակ ծառայելով երեխաներին։

Որպես պտղատվության ու շենության խորհուրդ, ամանորյա սեղաններն առատ են անուշահամ, արևահամ «մրգերով հայոց, յոթը տեսակ ուտեստներով, չրերով՝ հյութեղ ու բոց», խմորեղենով:

Հայկական համուհոտվ ամանորյա համեղ դասն ուղեկցվեց հայկական ախորժալուր մեղեդիներով։ Երեխաների համար անակնկալ էին իրենց դասընկերուհի Սյուզաննա Պետրոսյանի նկարները, որոնց բազմազանությունից հառնում էր հայրենիքի կերպարը, իսկ հայոց պատմության ուսուցչուհի Կարինե Հովհաննիսյանի՝ Նոր տարուն նվիրված զրույց-մեկնաբանությունը եղավ օրվա յուօրինակ ամփոփումը։

Դասն ավարտվեց դպրոցի տնօրեն տիկին Պողոսյանի դրվատանքի ու շնորհավորանքի խոսքերով.

«Բոլոր ժամանակներում մարդիկ ակնկալիքներ ունեն Նոր տարուց։ Ինչքա՜ն-ինչքա՜ն մեծ հույսեր են կապում նրա գալստյան հետ. թո՛ղ գալիք տարին լինի այդ հույսերի իրականացման, արդարացման տարի, թո՛ղ Հայր Աստծո օրհնությամբ հայկական օջախները լեցուն լինեն սիրով ու երջանկությամբ, իսկ հայկական կրթօջախները՝ հայ մանուկների հոծ խմբերով» : Այս դրական ու լուսավոր մաղթանքներով էլ ավարտվեց մի գեղեցիկ օր ևս՝ ավետելով Ամանորի սկիզբը:

Նարինե Մուրադյան, քաղաք Օդեսա

 

 

 

 

 

Scroll Up